Ըստ ԵԽԽՎ պաշտոնական կայքի՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության հումանիտար հետեւանքները» թեմայով զեկուցող Փոլ Գավանը (Իռլանդիա, «Եվրոպական միավորված ձախեր» խմբակցություն) հորդորել է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին թուլացնել լարվածությունը եւ հարգել հրադադարը սահմանային գոտում վերջերս տեղի ունեցած միջադեպերից հետո, որոնց հետեւանքով հայկական կողմից զոհվեց երեք, իսկ ադրբեջանական կողմից՝ մեկ զինծառայող:
«Դժբախտաբար, միջադեպերի քանակը այս տարվա մայիսից հուլիս ընկած ժամանակահատվածում կայունորեն աճել է, եւ այս միջադեպերը լարվածությունը հասցրել են նոր մակարդակի՝ ցավալի վիրավորումներով եւ մարդկային կորուստներով, ինչն ինձ շատ է անհանգստացնում»,- ասել է իռլանդացի պատվիրակը՝ տեղեկացնելով, որ կապի մեջ է եղել երկու կողմի հետ եւ հասկացել, որ երկուսն էլ ուզում են խուսափել իրադրության վատթարացումից:
Փոլ Գավանը շեշտել է՝ հումանիտար այն հիմնախնդիրները, որոնք սահմանի երկու կողմերում ազդում են անհատների կյանքի վրա, չեն կարող լուծվել, քանի դեռ բռնությունը չի դադարեցվել:
«Այս վիճակով անհանգստացած բոլորին հորդորում եմ պատասխանատվություն ստանձնել խաղաղություն եւ հաշտեցում կառուցելու նպատակով: Հետեւաբար ես հույս ունեմ, որ երկու երկրներն էլ հետ կկանգնեն այնպիսի քայլերից, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը: Մենք պետք է խուսափենք հակամարտության այս շարունակական շրջապտույտից»,- հայտարարել է Փոլ Գավանը: