ՀՀ ԱԺ-ն հուլիսի 30-ին հրավիրված արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ քննարկեց եւ միաձայն ընդունեց «ՀՀ քրեական օրենսգրքում» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:
Օրենսգրքերը լրացվում են նոր՝ 137.1-րդ հոդվածով, որով կքրեականացվի անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ անպարկեշտ, լկտի կերպով վիրավորելը:
Ըստ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սիսակ Գաբրիելյանի՝ փաթեթը հանձնաժողովում քննարկվել եւ ստացել է դրական եզրակացություն: Գաբրիելյանը հավելել է, որ առաջարկվող կարգավորումը վերաբերում է անխտիր բոլոր քաղաքացիներին:
Հիմնական զեկուցող Վլադիմիր Վարդանյանը հայտնել է, որ փաթեթը բովանդակային փոփոխության չի ենթարկվել: