Գրքի եռօրյա տոնի գույներն այս տարի խտացած են Աբովյան փողոցում. Գրքի երևանյան 4-րդ փառատոնի շրջանակում շուրջ 35 միջոցառում է սպասում ընթերցասերներին: «Մոսկվա» կինոթատրոնում կարելի է մասնակցել գրականության ու կինոյի երկխոսությանը, «Զանգակ» գրատանը՝ գրքերի շնորհանդեսների, վարպետության դասերի, գրողների հետ հանդիպումների, իսկ մինչ այդ Նկարիչների միության հարկի տակ կազմակերպված ցուցահանդես-տոնավաճառից կարող եք հեռանալ ծանր տոպրակներով: Շուրջ 4 տասնյակ հրատարակիչ փառատոնի բացման օրը ներկայացրեց իր տեսականին 20-60% զեղչով:
Երեք օր հանրությունը հնարավորություն ունի տեսնելու, թե ինչ գրականություն է հրատարակվում, շփվելու գրողների հետ, ծանոթանալու նրանց ստեղծագործություններին: Ձեռնարկը կարեւոր է գրողների ու հրատարակիչների համար, ինչպիսին պետք է լինի գրող-հրատարակիչ հարաբերությունը, որպեսզի այդ գործակցությունից գոհ մնա ընթերցողը, ինչպես գրականությունը արդիական դարձնել նանոտեխնոլոգիական դարում:
«Փառատոնը գնալով ավելի պետք է ընդլայնվի եւ ապացուցի իր կենսունակությունը»,- ասում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը` հիշեցնելով, որ 2019 թվականին փառատոնի շրջանակում վաճառվել է 15 հազար միավոր գիրք, որը լուրջ ցուցանիշ է: ՀՀ ԿԳՄՍ նախարարության գրականության ոլորտի գլխավոր մասնագետ Արմեն Սարգսյանն էլ փառատոնը հաջողված է համարում:
«Փառատոնն ամրացնում է ընթերցող-գրական մամուլ-գրական գործակալ-հրատարակիչ կապը, որը նորանկախ Հայաստանում թուլացած էր»,- ասում է Արմեն Սարգսյանը, հավաստիացնում, որ «գրահրատարակչության ոլորտում վերջին տարիներին մեծ աշխուժություն է նկատվում, դրա մասին փաստում են ե՛ւ գրադարանները,ե՛ւ գրախանութներն իրենց պատվիրած եւ վաճառած գրքերի մոնիթորինգի տվյալներով»:
Արմեն Սարգսյանն ասում է՝ փառատոնը հաջողված է թեկուզ այն առումով, որ սկսնակ հրատարակչություններն, օրինակ, փառատոնի օրերին վաճառում են այնքան գիրք, որքան մեկ տարում չեն վաճառում: Հույս է հայտնում, որ փառատոնը կընդլայնի իր աշխարհագրությունը՝ դրսի գրողներին հրավիրելով Հայաստան: Միջազգային կապերի պահանջ է տեսնում նաեւ ժամանակակից գրող, քանիցս վերահրատարակված «Հիսուսի կատուն» գրքի հեղինակ Գրիգը:
«Եթե այստեղ միջազգային այլ հրատարակիչներ չկան, պայմանագրեր չեն կնքվում, որովհետեւ բուք-ֆեսթերի նպատակը նաեւ հեղինակային իրավունքների գնումն է, այստեղ, ինչպես տեսնում եք, միայն հայերն են: Իսկ գագաթնակետը պետք է լինի պայմանագրերի կնքումը»,- երիտասարդ գրողն օրինակ է բերում Ֆրանկֆուրտի, Լայպցիգի գրքերի փառատոները, որտեղ համագործակցության լայն դաշտ կա:
«Մի վայր է, որ դու գնում ես, եթե հրատարակիչ ես, գիրք գնելու-վաճառելու, եթե գրող ես, քեզ ներկայացնելու, գիրքդ վաճառելու: Հիմա «Անտարես» հրատարակչության հետ համագործակցությամբ իմ գիրքը թարգմանվել է անգլերեն, գերմաներեն, երեք երկիր էլ գնել է: Այսինքն՝ թիվ մեկ խնդիրը հնարավորինս շատ հեղինակային իրավունք վաճառելն է, որովհետեւ մեր շուկան, ինչ էլ անենք, միեւնույնն է, փոքր է, պետք է դուրս գալ երկրի սահմաններից»,- ասում է երիտասարդ գրողը, որն անձամբ էր «Անտարես»-ի տաղավարում գիրք վաճառում, խորհուրդ տալիս ընթերցողին՝ ո՛ր գիրքը տուն տանել: Գրողը հայ ժամանակակիցների գործերն է հորդորում ընթերցել՝ Մհեր Իսրայելյան, Հովիկ Աֆյան, Հովհաննես Հովակիմյան, Անուշ Սարգսյան, Ջեսահ եւ այլք:
«Զանգակ» հրատարակչատան երկու մասի բաժանված տաղավարում կարելի է ե՛ւ գիրք գնել, ե՛ւ համագործակցության առաջարկ ներկայացնել: Հրատարակչատան «Արի՛ համագործակցենք» արշավը գրավաճառներին, գրահրատարակիչներին, խմբագիրներին, նկարազարդողներին, մարկետինգի մասնագետներին համագործակցության է հրավիրում:
«Զանգակ»-ն ամեն տարի գրադարակների բովանդակալից լիություն է ցուցադրում: 50 նոր անուն գիրք է լույս ընծայել այս տարի՝ վերահրատարակելով արդեն շրջանառվող գրքերը: «Այս պահին ունենք մոտ 700 ակտիվ շրջանառվող հրատարակություն՝ թարգմանություններ, մանկապատանեկան գրականություն, նաեւ գիտահանրամատչելի գրքեր, օրինակ՝ նախորդ տարվա մեր լավագույն հրատարակություններից էր Դանիել Գոուլմենի «Հուզական ինտելեկտը», որը մեր հասարակության համար խիստ արդիական է»,- ասում է հրատարակչատան տնօրենը: Էմին Մկրտչյանը նշեց, որ անցյալ տարի ընթերցողի պակաս չեն զգացել, բավական ակտիվություն է նկատվել օնլայն վաճառքի հարթակում:
«Սա պայմանավորված էր համավարակով՝ տանը փակված լինելու հանգամանքով,- ասում է «Գրանիշ» հրատարակչատան տնօրեն Հասմիկ Հակոբյանը:- Նախորդ տարի համավարակը կասեցրեց հրատարակչությունների գործունեությունը, բայց խթանեց ընթերցանությունը, պատերազմից հետո էլ ապատիկ անկում կա գրականության նկատմամբ, կայքում դիտումների քանակն է ընկել, գրախանութներն էլ նույնն են հաստատում»:
Եթե ցանկություն ունեք ծանոթանալու արձակի եւ պոեզիայի ժանրերում ստեղծագործող ժամանակակից հայ գրողների գործերին, ապա քայլերն ուղղեք դեպի «Գրանիշ»-ի տաղավար: Հասմիկ Հակոբյանը խորհուրդ է տալիս ընթերցել Կարեն Անտաշյանի «Դզոն», Լուսինե Խառատյանի «Անմոռուկի փակուղի», Գեւորգ Համբարձումյանի «Մեռնել փոքր քաղաքում» գրքերը:
4-րդ փառատոնին է միացել նաև Մատենադարանը: Հրատարակչական բաժնի ղեկավար Հայկ Համբարձումյանը ներկայացնում է վերջին շրջանում լույս ընծայված գրքերը, որոնք առաջին հերթին հայագետների համար են նախատեսված, բայց վստահեցնում է ՝ լայն հանրության ներկայացուցիչներն իրենց համար հետաքրքիր բան կգտնեն, եթե հետաքրքրված են մեր միջնադարյան հարուստ մշակույթով, ձեռագրային արվեստով, տոմարագիտությամբ, բուսաբուժությամբ, ճարտարապետությամբ:
Հայկ Համբարձումյանը միջոցառումը կարեւորում է ոչ միայն գրող-հրատարակիչ-ընթերցող կապը նորոգելու, այլեւ միջնադարյան մշակույթի հանրայնացման առումով:
Գրող, «Էդիթ պրինտ» հրատարակչության վաճառքի մարքեթինգի գլխավոր մասնագետ Դավիթ Սամվելյանը, որը վերջերս ընթերցողներին ներկայացրեց իր «Հայելապատում» գիրքը, նշում է. «Գրքի երեւանյան փառատոնը խտացնում, ներկայացնում է այն աշխատանքը, որը փառատոնից փառատոն իրականացնում են հրատարակչությունները՝ գրքի, ընթերցանության քարոզչություն»:
Սամվելյանն իրենց տաղավարում առանձնացնում է Վահան Թոթովենցի «Բաքու» վեպը, որը հատկապես պատերազմից հետո մեծ պահանջարկ ունեցավ: Վեպը ժամանակին արգելվել է եւ շուրջ 90 տարի մնացել ընդհատակում։
Հայտնի հրատարակչություններին զուգահեռ փառատոնին մասնակցում են նաեւ նորերը: «Գրքամոլը» մեկ տարի է գործում, գրական աշխարհ է մուտք գործել՝ հրատարակելով Սեյրան Գրիգորյանի «Ինչո՞ւ ես տխուր» վեպը, Լիլիթ Բաղդասարյանի բանաստեղծությունների ժողովածուն եւ Անրի Վերնոյի «Մայրիկ» գիրքը:
Գրքի երեւանյան փառատոնը կամփոփվի գրական մրցանակաբաշխությամբ օգոստոսի 1-ին՝ 19:00-ին, Նկարիչների միությունում։ Հայտնի կդառնան «Պոեզիա» եւ «Արձակ» անվանակարգերի հաղթողները։ Փառատոնը ստացել է գրական մրցույթի 146 հայտ։
Այս տարի գրքի փառատոնը նվիրված է Չարենցի ծննդյան 125-ամյակին: Հուլիսի 30-ից օգոստոսի 1-ը Գրքի երևանյան 4-րդ փառատոնի կազմակերպիչները կոչ են անում չհեռանալ Աբովյան փողոցից, միանալ գրականասերներին՝ դառնալով ժամանակի շունչը:
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։