ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն Դեյվիդ Փեթրուեսը հայտարարել է, որ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո երկրում կարող է սկսվել քաղաքացիական պատերազմ, ինչպես 1990-ականներին, որի ժամանակ հաղթանակ տարավ «Թալիբանը»:
Ամերիկացի գեներալը չի բացառել Ալ Ղաիդայի վերադարձը Աֆղանստան:
Նա նշել է, որ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը վկայում է, որ ԱՄՆ-ը հրաժարվել է արժեքներից, որոնց համար միշտ պայքարել է. ժողովրդավարություն, մարդու իրավունքների պահպանում, խոսքի եւ մամուլի ազատություն: Նա զգուշացրել է, որ «Թալիբան»-ի վերադարձի դեպքում Աֆղանստանը կհայտնվի մահմեդական միջնադարյան ռեժիմի ճիրաններում:
Փեթրուեսը նաեւ զգուշացրել է փախստականների խնդրի մասին, որոնք թալիբների հաղթանակի դեպքում փորձելու են տեղափոխվել այլ երկրներ:
Գեներալը նշել է, որ եթե ամերիկյան կողմը կամք եւ վճռականություն դրսեւորեր, ավելի ուժեղ դիրք կգրավեր «Թալիբան»-ի հետ բանակցություններում:
«Բայց եթե թշնամուն ասում ենք՝ հեռանում ենք, ինչի՞ համար նա պիտի ինչ-որ բանից հրաժարվի»,- ասել է Փեթրուեսը: Նա հավելել է, որ իր համար անհասկանալի է Աֆղանստանում 3500-անոց զորքի տեղակայումից հրաժարումը:
Նախորդ տարի ԱՄՆ-ը եւ «Թալիբան»-ի ներկայացուցիչները 18 տարվա մեջ առաջին անգամ ստորագրեցին խաղաղության համաձայանագիր, որի շրջանակում ամերիկացի զինվորականները մինչեւ այս տարվա սեպտեմբերի 11-ը պետք է լքեն Աֆղանստանի տարածքը:
ԱՄՆ-ը հայտնել էր նաեւ, որ մեկ միլիարդ դոլար կտրամադրի ամերիկյան զորքերին աջակցած աֆղաններին տարհանելու համար: