Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է լուսաբացին՝ 3-ն անց 27-ին, Հայաստանի հետ սահմանին Նախիջեւանի ուղղությամբ ադրբեջանական դիրքերին կրակելու մասին: Ադրբեջանական կողմը նշել է, որ ձեռնարկած պատասխան քայլերից հետո հակառակորդի կրակը լռեցվել է, իր կողմից զոհեր չկան:
ՀՀ ՊՆ-ն դեռեւս չի արձագանքել ադրբեջանական պաշտպանական գերատեսչության հայտարարությանը։
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը այսօր՝ օգոստոսի 2-ին, հրամանատարական կազմի հետ ընդարձակ խորհրդակցություն է անցկացրել։ Նա պահանջել է ընդգծված ուշադրությամբ հետեւել զինուժի մարտական պատրաստվածությանն ու տեխնիկական հագեցվածությանը։ Հասանովը հրահանգել է պատրաստ լինել եւ կանխել սահմանին «հայկական կողմի ցանկացած սադրանք»։
Հանդիպմանը տեսակապով մասնակցել է նաեւ վերջին պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում տեղակայված զորամասերի եւ ստորաբաժանումների հրամանատարական կազմը։