Ըստ ամերիկյան Fox News-ի՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի անդամ հանրապետական Մայքլ ՄըքՔոլը կորոնավիրուսի լաբորատոր ծագման փաստարկներով զեկույց է հրապարակել:
Զեկույցի հեղինակները նշել են, որ չինական Ուհանի վիրուսաբանության ինստիտուտը 2019-ի ամռանը օդի վարակազերծման համակարգերի նորացման, վտանգավոր մնացուկների մշակման եւ օդափոխման մասնագետների որոնման մասին հայտարարություն էր զետեղել:
Զեկուցողները կոչ են արել պատժամիջոցներ սահմանելու հակահամաճարակային միջոցների համար կորոնավիուսի տարածման վաղ փուլում պատասխանատու ինստիտուտի գիտնականների եւ Չինաստանի Կոմկուսի անդամների նկատմամբ:
The Hill պարբերականը նշել է, որ զեկույցը կազմողները չեն պնդում, թե անհերքելի ապացույցներ ունեն: Պարզապես նրանք ցանկանում են Չինաստանի գործողությունների օրենսդրական նախագիծ մշակել:
Կոնգրեսական Մայքլ ՄըքՔոլը հայտարարել է, որ ժամանակն է հրաժարվելու այն ենթադրությունից, թե վիրուսի առաջացման վայրը ծովամթերքների շուկան է եղել: Նա պնդել է՝ ապացույցները վկայում են, որ վիրուսն իրոք տարածվել է Ուհանի վիրուսաբանության ինստիտուտից մինչեւ սեպտեմբերի 12-ը ինչ-որ միջադեպի հետեւանքով: Ինստիտուտում, ամենայն հավանականությամբ, ընթացել է վիրուսի գենային փոփոխության աշխատանք:
ՄըքՔոլը Կոնգրեսի երկու կուսակցություններին հորդորել է համատեղ հետաքննություն անցկացնել: