ՄԱԿ-ի կառույցներն ահազանգել են, որ աշխարհի 23 տարածաշրջանի ավելի քան 41 միլիոն մարդ անհետաձգելի օգնության կարիք ունի, այլապես նրանց սով է սպառնում։ 2021-ի օգոստոսից նոյեմբեր պարենային անվտանգության հետ կապված իրավիճակի վատթարացում կարող է լինել:
ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) ու ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի զեկույցում թվարկվել է Աֆղանստանի, Հայիթիի, ԿԺԴՀ-ի, Կոլումբիայի, Մյամնայի, Նիգերիայի, Սիրիայի ու Աֆրիկայի, Մերձավոր Արեւելքի ու Կենտրոնական Ամերիկայի մի շարք այլ երկրների անունները:
Պարենային անվտանգության խնդիրների սրման պատճառների թվում զեկույցի հեղինակները նշում են զինված հակամարտությունները (Աֆղանստան, Մոզամբիկ, Սուդան, Եթովպիա, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն եւ այլն), կորոնավիրուսի համավարակի ու սննդամթերքի գնաճի հետեւանքով առաջացած սոցիալ-տնտեսական դժվարությունները (Հայիթի, Լիբանան, Մյանմա, Նիգերիա, Սիրիա եւ այլն):
ՄԱԿ-ի ԱԽ գործադիր տնօրեն Դեւիդ Բիզլին ընդգծել է, որ սովը վերացնելու ճանապարհին չպետք է լինեն հակամարտություններ, անցակետեր եւ բյուրոկրատական խոչընդոտներ։
«Հումանիտար հասանելիությունը բոլորովին վերացական հասկացություն չէ: Իշխանությունները պետք է ժամանակին նախապատրաստեն փաստաթղթեր, որոնց շնորհիվ պարենամթերք կհասցվի առանց ուշացումների, բեռնատարները կկարողանան անցնել անցակետերով եւ կհասնեն նպատակակետ: Անհրաժեշտ է, որ հումանիտար օգնություն ցույց տվող մարդիկ դադարեն թիրախ լինելուց ու կարողանան հանգիստ շարունակել կյանքեր փրկելու ու ապրուստի միջոց աղբյուրների վերականգնման աշխատանքը»,- նշել է Բիզլին: