«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտնել է, որ կյանքից հեռացել է 2018-ի «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունը (1941–2021), որն իր կյանքը նվիրել էր անարդարության դեմ պայքարին եւ Մյանմայում ռոհինջա ժողովրդի իրավունքների պաշտպանությանը:
«Խաղաղ բողոքի, ստորագրահավաքներ կազմելու եւ այդօրինակ «հանցանքների» համար ընդհանուր 12 տարի անազատության մեջ անցկացրած Չո Լա Աունը երբեւէ չդադարեց իրավապաշտպանի հմտությունները հանուն միլիոնավոր մահմեդական ռոհինջաների իրավունքների պաշտպանության գործադրելուց, որոնք բռնաճնշումների հետեւանքով ստիպված էին լքել Մյանմայի տարածքը։ Սեփական հայրենիքում վտանգված իր համայնքի իրավունքները պաշտպանելիս պարոն Աունը ստիպված էր դիմագրավել թե՛ անձնական, թե՛ համակարգային մարտահրավերներ: Բայց նա երբեք չնահանջեց»,- նշված է «Ավրորայի» հաղորդագրության մեջ:
«Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունը ռոհինջա փախստականներին բժշկական օգնություն եւ օժանդակություն տրամադրող միջազգային երեք կազմակերպությունների նվիրաբերեց իրեն շնորհված մեկ միլիոն ԱՄՆ դոլար պարգեւը՝ աջակցելու համար իր ցեղակից փախստականներին: Նրանց ջանքերի շնորհիվ աջակցություն է ստացել մոտ 375000 ռոհինջա փախստական: