ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ ադրբեջանական զինուժը օգոստոսի 2-ին՝ 11։20-12։00-ը, խախտելով հրադադարը, հայ-ադրբեջանական սահմանի՝ Երասխի, իսկ 14։30-ից Կութ գյուղի հատվածում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների հակազդող գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։
Նախորդ շաբաթ ադրբեջանական զինուժն ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ:
Հուլիսի 28-ին հակառակորդը հերթական անգամ դիմել էր սադրանքի եւ խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։ Կրակահերթերի պատճառով զոհվել է երեք հայ զինվոր, հինգը՝ վիրավորվել։
Հուլիսի 29-ին` 03:00-ի սահմանում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում՝ Քարվաճառի ուղղությամբ, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել էին սադրանքի ու կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ։
Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։
Հուլիսի 30-ին խոցվել է Ադրբեջանի ԶՈՒ սպառազինության մեջ գտնվող Aerostar տեսակի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։
Հուլիսի 31-ին ադրբեջանցիները կրակ են բացել Երասխի ուղղությամբ, փորձել ամրաշինական աշխատանքներ կատարել, ավելի ուշ կրակել են սնունդ տեղափոխող մեքենայի վրա։