«Էդիթ պրինտ»-ը հրատարակել է Թոթովենցի «Բաքու» վեպը: Գրահրատարակչությունը բիզնես է, բիզնեսի հաջողությունը նաեւ գովազդից է կախված: Եվ հրատարակիչը թեթեւ «խարդախություն» է արել՝ շապիկին գրելով, թե դա վեպ է մի քաղաքի մասին, որտեղ «ադրբեջանցի անվանումը չկար»: Հետաքրքրությունն ապահովված է: Մարդիկ ստույգ հաշվարկել են, որ տպաքանակն արագորեն կսպառվի միայն նրա համար, որ Թոթովենցի վեպում «ադրբեջանցի չկա»:
Ինտրիգն ավելի է սրվում, երբ ասում են, որ այդ գործն «իննսուն տարի չի վերահրատարակվել, գրեթե արգելված էր»: Հետեւությունը գալիս է ինքնին՝ Բաքուն հայկական քաղաք է, Թոթովենցի վեպը ստալինյան բռնապետության տարիներին հեղինակի դեմ հալածանքների, նրա բանտարկության, ապա եւ գնդակահարության պատճառն է դարձել։
Ոչ մեկի մտքով չի անցնում, որ 1960-ականներից սկսած Թոթովենցի «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» ինքնակենսագրական չքնաղապատումը եւ «Բաց կապույտ ծաղիկները» լավագույն գործերը հրատարակվել ու վերահրատարակվել են, որ վերջինիս հենքով Հենրիկ Մալյանը «Կտոր մը երկինք» է նկարահանել, ֆիլմ, որ արժե դիտել հենց միայն Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը լսելու համար:
Ի՜նչ Մանսուրյան , ի՜նչ Մհեր Մկրտչյան, ի՜նչ փալանչի Թորիկ եւ ի՜նչ սեր… Կարեւորը «Բաքու» սոցիալ-կենցաղային պատումն է, միայն նրա համար, որ այնտեղ «ադրբեջանցի չկա»:
«Չկային, այ մարդիկ, դրանք չկային, բոլշեւիկները ստեղծեցին,- ծնկներն է ծեծում հայ մարդը, ապա կրճտացնում ատամները:- Վայ ես դրանց սաղուսատկածը..»:
Գրականության խաբկանքը հսկայական ազդեցություն է թողել մեր գիտակցության վրա: Եթե Նար-Դոսի «Մեր թաղը» շարքի բոլոր հերոսները հայ են, ուրեմն ամբողջ Թիֆլիսն է հայաբնակ, Թիֆլիսի սիրտն էլ Հավլաբարն է: Այլ թաղամասեր Թիֆլիսը չունի, չեն եղել, չկան Վակեն, Սոլոլակը, Սաբուրթալոն, Օրթաճալան:
Կարդում ես Պորոնյանի «Պտույտ մը Պոլսո թաղերուն մեջ»-ը, եւ բյուզանդական, ապա եւ օսմանյան կայսերական քաղաքը պատկերվում է բացառապես հայկական: Ի՞նչ թուրք, հրեա կամ հույն, Պոլսում միայն հայեր են ապրում, Տրապիզոնում՝ նույնպես: Չէ՞ որ Աբիսողոմ աղան Պոլիս է եկել Տրապիզոնից, որտեղ «էշերու, ագարակներու տեր է»:
Տրապիզոնն էլ, ուրեմն, հայկական քաղաք է, Զմյուռնիան էլ, եւ առհասարակ Սեւ ծովի այդ առափնյակը վաղնջական ժամանակներից Մեծ Հայքի թագավորության անբաժանելի մասն էր:
Գրականության խաբկանքը մեզ ուղեկցում է դպրոցական նստարանից, ներծծվում մեր էության մեջ, վերածվում աշխարհընկալման: Եվ մենք տանջալիորեն անվերջ մղվում ենք իրականությունն ըստ Րաֆֆու կամ Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցի պատումների տեսքի բերելու երազանքին:
Թոթովենցի «Բաքու» վեպի հրատարակչի ծանուցումը, թե դա մի քաղաքի պատմություն է, որտեղ «ադրբեջանցի չկար», զուտ գովազդ է, որը հերթական անգամ մոլորության է մղում:
Հուշերի «Կյանքի բովից»-ում Շիրվանզադեն պատմում է, որ 1905-ի հայ-թաթարական բախումներից առաջ Բաքվում հանդիպել է Պոլսից նոր վերադարձած ոմն Աղաեւի։ Նա ասել է՝ եթե հայերը չաջակցեն, որ թուրք-թաթարական հանրությունն էլ լուսավորվի, քաղաքակրթվի, ապա իրենք նրանց [հայերին] «դժոխք կտանեն»:
Ահա՝ այդպես:
1989-ի խորհրդային մարդահամարի պաշտոնական տվյալներով Բաքվում 204 հազար հայ էր ապրում: 2007-ի սեպտեմբերին Ծաղկաձորում ադրբեջանցի մի մասնագետի հարցրի՝ դա ստո՞ւյգ թիվ է: Նա ազնվորեն խոստովանեց՝ ոչ: Բաքվում, ըստ նրա վերլուծության, 1988-ի փետրվարի դրությամբ «մոտ 300 հազար հայ էր ապրում»:
«Ես կարո՞ղ եմ արձանագրել, որ ԼՂԻՄ մարզխորհրդի որոշմանն այնքան ագրեսիվ արձագանքը մի նպատակ ուներ՝ Բաքուն եւ առհասարակ ամբողջ Ադրբեջանը մաքրել հայերից» հարցիս ադրբեջանցի գիտնականը չպատասխանեց: Բայց ես նրա հայացքից զգացի, որ զարմացած է:
Գրականության խաբկանքի մեր հիվանդությունը նրանք՝ թուրքերը, ուսումնասիրել, վերլուծել եւ դրա վրա իրենց անելիքը շա՜տ վաղուց են մշակել: Իրենց անցյալի սրբագրումներում թուրքերը շատ հետեւողական են: Եվ այստեղ Թոթովենցի «Բաքու» վեպի վերահրատարակությունը մեզ հաստատ չի օգնի:
Բաքվում ծնված հրեա գրողն իրեն անվանում է Աֆանասի Մամեդով, թեեւ վաղուց Մոսկվայում է բնակվում եւ միշտ ռուսերեն է գրել: Այսօր նա «Դրուժբա նարոդով» հանդեսի պահանջված հեղինակ է: Ստեղծագործական նյութ Աֆանասի Մամեդովն ընտրում է խորհրդային Բաքվից: Եվ ստացվում է այնպես, որ դա, իրոք, կոսմոպոլիտ, բազմամշակութային քաղաքի կյանք է:
Հետխորհրդային տարածքում, ահա, Ադրբեջանին հաջողվել է ձեւավորել Բաքվի այս ընկալումը, քաղաք, որտեղ կողք կողքի ապրում են շիա ու սուննի մուսուլմաններ, ուղղափառ ռուսներ, հրեաներ եւ նույնիսկ հայեր: Կանայք, որ գերադասել են մնալ իրենց թուրք ամուսինների կողքին:
Մենք ունե՞նք գոնե հետխորհրդային տարածքում մրցունակ գրականություն՝ լինի արձակ, թե չափածո: Մենք ռուսագիր հայ հեղինակ ունե՞նք, ում, ասենք, նույն «Դրուժբա նարոդով» հանդեսը մի պատմվածք կամ բանաստեղծությունների շարք է պատվիրում: Եթե ունենք, ուրախ եմ, բայց գոնե ես նման հեղինակի չգիտեմ:
Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Վահան Տերյանն առաջադրում էր քաղաքակրթական մրցակցության խնդիր՝ «Հայ գրականության գալիք օրը» դասախոսությամբ: Անցած ավելի քան մեկդարյա շրջանում քիչ բան է փոխվել, կամ ոչինչ էլ չի փոխվել: Ավելին՝ քաղաքակրթական մրցակցությունը միայն սրվել է: Եվ եթե գրականությունն իմացություն է, աշխարհաճանաչում, ապա մեզ թռիչք է պետք, գեղարվեստական խիզախում: Այլապես Թիֆլիսը, Բաքուն եւ Պոլիսը մեզ համար մնալու են անիմանալի: Եվ գրականության խաբկանքը մեզ ավելի է հեռացնելու իրական մրցակցությունից:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։