Հայաստանի Հանրապետություն է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության դեմ «ԱստրաԶենեկա/Վաքսզեւրիա» պատվաստանյութի հերթական խմբաքանակը՝ 50400 դեղաչափ:
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ պատվաստանյութը ձեռք է բերվել COVAX FACILITY նախաձեռնության շրջանակում: Այն նախատեսված է 18 տարեկան եւ բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներ իրականացնելու համար:
«ԱստրաԶենեկա/Վաքսզեւրիա» պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն:
Պատվաստանյութի արդյունավետության եւ անվտանգության տվյալները համապատասխանում են ԱՀԿ-ի կողմից սահմանված չափանիշներին:
ՀՀ առողջապահության նախարարությունը դարձյալ հիշեցնում է, որ կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման գործընթացում առանցքային դեր ունի պատվաստումը:
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 237-ով եւ դարձել 230713։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 4681 մարդ, որոնցից 81-ը՝ այսօրվանից։ Առողջացել է 156 մարդ, ընդհանուր՝ 220289-ը:
Այսօր կատարվել է 7398, ընդհանուր՝ 1357957 թեստավորում։
Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահանալու դեպքեր չեն գրանցվել, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 4621 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը նույնպես չի ավելացել՝ 1122 մարդ։