Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) պաշտոնապես սկսել է քննել բելառուսցի մարզուհի, Բելառուսի օլիմպիական թիմի անդամ Քրիստինա Տիմանովսկայայի հետ կապված միջադեպը:
Վազորդուհին հայտարարել էր, որ Բելառուսի հավաքականի ղեկավարները վախեցրել են իրեն եւ փորձել բռնի ուժով Տոկիոյից Մինսկ ուղարկել մարզչական շտաբի հետ իր հակասությունների պատճառով:
Լեհաստանն արդեն մարդասիրական վիզա է շնորհել Տիմանովսկայային: Լեհաստանի փոխարտգործնախարար Մարչին Պշիդաչը հայտնել է, որ վազորդուհին այժմ Տոկիոյում Լեհաստանի դեսպանատանն է, վաղը նա Տոկիոյից մեկնելու է Վարշավա:
Ճապոնիայի արտգործնախարար Տոշիմիցու Մոտեգին հայտարարել է, որ բելառուս մարզուհու անվտանգությունը երաշխավորված է: Նա հավելել է, որ հաշվի առնելով այս խնդրի բարդությունը՝ այլ մեկնաբանություն չի կարող տալ:
Խաթարում են օլիմպիական ոգին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դատապարտել է Տիմանովսկայայի նկատմամբ Բելառուսի գործողությունները: Բլինքենն ընդգծել է, թե Լուկաշենկոյի ռեժիմը եւս մեկ միջազգային ճնշում իրականացնելու փորձ արեց՝ ստիպելով հեռանալ օլիմպիական մարզուհի Քրիստինա Տիմանովսկայային՝ պարզապես խոսքի ազատության իր իրավունքի իրացման համար:
Թվիթերյան իր գրառման մեջ ԱՄՆ պետքարտուղաը շեշտել է, որ նման գործողություններն անհանդուրժելի են, խաթարում են օլիմպիական ոգին, ոտնահարում հիմնարար իրավունքները:
Ռեժիմը չի հարգում օլիմպիական համերաշխությունը
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեպ Բորելի խոսնակ Նաբիլա Մասրալին հայտարարել է, թե միջադեպը ակնհայտորեն ցույց է տալիս, որ Լուկաշենկոյի ռեժիմը հարվածում է բելառուսական հասարակության բոլոր խավերին՝ ներառյալ մարզիկներին, եւ չի հարգում օլիմպիական համերաշխությունը:
Քաղաքական ապաստանի հնարավորությունը՝ ուժի մեջ
Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Կլեման Բոնն էլ հայտարարել է, որ Փարիզը եւ ԵՄ գործընկերները քննարկում են բելառուս մարզիկին քաղաքական ապաստան տրամադրելու հնարավորությունը:
Ֆրանսիացի դիվանագետը նշել է, որ բելառուս վազորդուհու շուրջը ստեղծված իրավիճակը հաստատում է Բելառուսում բռնապետությանը բնորոշ վերահսկողության, գրաքննության եւ բռնության փաստը:
Նա ողջունել է ՄՕԿ-ի քայլը, որը Ճապոնիայի իշխանությունների եւ ոստիկանության հետ միասին ապահովել է բելառուս մարզիկի անվտանգությունը:
«Փոխանցումավազք»՝ Մինսկ-Տոկիո երթուղով
Ճապոնիայում Բելառուսի դեսպանատունը երեկ դիմել է ճապոնական կողմին՝ խնդրելով տեղեկություն տրամադրել բելառուս թեթեւատլետ Քրիստինա Տիմանովսկայայի մասին: Դեսպանատունը նշել է, որ բելառուս դիվանագետները ժամանել են Տոկիոյի Խանեդա օդանավակայան՝ մարզիկի հետ կապված խնդիրը, դեպքի հանգամանքները պարզելու եւ հնարավոր հյուպատոսական-իրավական օգնություն ցուցաբերելու համար:
Քանի որ դիվանագետները չեն կարողացել ճապոնական կողմի ներկայացուցիչներից մանրամասներ ստանալ, դեսպանատունը դիմել է ճապոնական կողմին՝ Բելառուսի քաղաքացու մասին տեղեկություն տրամադրելու պաշտոնական խնդրանքով։ Դեսպանությունն արձանագրել է, որ օգոստոսի 2-ի՝ 17:00-ի դրությամբ Տիմանովսկայան Ճապոնիայում Բելառուսի դեսպանատուն չի դիմել: