Ռիոյի օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի եւ Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) արծաթե մեդալ է նվաճել Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերում:
Վճռորոշ գոտեմարտում Արթուր Ալեքսանյանը զիջել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի հավաքականի անդամ Մուսա Եվլոեւին՝ 1:5:
Հունահռոմեական ոճի ըմբիշ Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից: Մեկնարկային գոտեմարտում նա 4:1 հաշվով հաղթեց Ղրղզստանի օլիմպիական Ուզուր Ջուզուպբեկովին, այնուհետեւ 5:1 հաշվով առավելության հասավ ֆինն Արվի Սավոլայնենի նկատմամբ: Կիսաեզրափակիչ մրցամարտում Արթուրը պարտության մատնեց իրանցի Սարավի Մոհամադհադիին: Այդ գոտեմարտում Ալեքսանյանն ազդրի մկանային վնասվածք էր ստացել:
Միտումնավոր հարվա՞ծ, թե՞ անտեսված բողոքարկում
Բրոնզե մեդալի համար պայքարող մեր մյուս ըմբիշը՝ Կարապետ Չալյանը, պարտվեց ադրբեջանցի մրցակցին:
Առաջին մրցափուլում Չալյանը միավորներ վաստակելու շատ լավ հնարավորություն ստացավ։ Հուսեյնովին պատժեցին պասիվության համար, բայց Չալյանը չկարողացավ օգտվել առիթից։
Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ երկրորդ մրցափուլում պասիվ էր արդեն Չալյանը, ու հաշիվը հավասարվեց՝ 1։1։ Բայց գոտեմարտի ավարտից մեկ րոպե առաջ մրցավարները մեր ըմբիշի գործողություններում միտումնավոր հարված տեսան մրցակցի դեմքին։
Հուսեյնովը գոտեմարտի ընթացքում մի քանի անգամ փորձեց մրցավարներին սադրել եւ հասավ նպատակին։ Չալյանը զգուշացվեց, իսկ ադրբեջանցուն տվեցին երկու միավոր։ Մեր մարզիչների բողոքարկումը մերժվեց, եւ մրցակիցը հաղթեց 4։1 հաշվով։
«Սպուտնիկ Արմենիան» պնդում է, որ օլիմպիական խաղերում հայ ըմբիշների մասնակցությամբ գոտեմարտերից արդեն երկուսում մրցավարական անհասկանալի որոշումների պատճառով հայ մարզիկը զրկվում է մեդալ վաստակելու հնարավորությունից։
67 կգ քաշային Կարեն Ասլանյանի հաղթանակը չեղյալ համարեցին, 77 կգ քաշային կարգում էլ բրոնզե մեդալի համար գոտեմարտում, չգիտես ինչու, երկու միավոր շնորհեցին Կարապետ Չալյանի մրցակցին։