ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ օգոստոսի 3-ին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին եւ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինը ՀՀ ՊՆ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են Գեղարքունիքի մարզ։
Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը դեսպանին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Այնուհետեւ կազմակերպվել է այց սահմանի Վերին Շորժայի հատված:
ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպանը, մտահոգություն հայտնելով երկու երկրների սահմանային վեճերի շարունակության կապակցությամբ, ընդգծել է կողմերի զսպվածության եւ երկու երկրների միջեւ վեճերի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:
Դեսպանը ցավակցություն է հայտնել վերջին ընդհարումների ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին։
Դեսպան Զոհուրին ընդգծել է կողմերի` միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ Հարավային Կովկասում տեւական խաղաղության ապահովումը բխում է տարածաշրջանի ժողովուրդների շահերից:
Դեսպանը վերահաստատել է Իրանի Իսլամական Հանրապետության՝ տարածաշրջանում տեւական խաղաղության հաստատմանն աջակցելու պատրաստակամությունը: