Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի հիմնադրած Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը Ռուսաստանում ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»: Դատախազը դատարանին խնդրել է Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի իրավաբան Լյուբով Սոբոլին երկու տարվա ազատազրկման դատապարտել:
Մոսկվայի Պրեոբրաժենսկի շրջանի դատարանը Սոբոլին մեղավոր է ճանաչել այս տարվա հունվարին ապօրինի հավաքի ընթացքում սանիտարական նորմերը խախտելու համար եւ նրա ազատությունը 1,5 տարով սահմանափակելու վճիռ ընդունել:
Ընդդիմադիր գործչի ոտքին հատուկ հսկողության սարք են ամրացրել, որի միջոցով հնարավոր կլինի հետեւել նրա տեղաշարժին: Դատավճռի պահանջները խախտելու դեպքում պատիժը կխստացվի:
Դատական կարգադրիչները Սոբոլին հեռացրել են դահլիճից, երբ նա սկսել է հեռախոսով նկարահանել դատավարությունը:
Լյուբով Սոբոլը չի ընդունել մեղադրանքը: Նրա փաստաբանը ներկայացրել է լեզվաբանական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ Սոբոլը սոցիալական ցանցում տեղադրած գրառումներով սանիտարական նորմերը խախտելու կոչեր չի արել:
Մեղադրող կողմը պնդել է, որ ընդդիմադիր գործիչը հանրությանը ապօրինի հավաքին մասնակցելու կոչով մարդկանց կորոնավիրուսով վարակվելու վտանգի է ենթարկել: