Սեպտեմբերի 1-ից ավարտվում է Սեւանա լճում սիգի արդյունագործական ձկնորսության որսաշրջանի երկրորդ փուլը, որը մեկնարկել էր ընթացիկ տարվա մարտի 25-ից։
Գիտությունների ազգային ակադեմիայի 2020 թվականի հաշվառման տվյալների համաձայն՝ արդյունագործական ընդհանուր պաշարը գնահատվել էր մոտ 586,2 տ, որից սիգի փորձարարական որսի երկրորդ փուլի շրջանակում 2021-ի օգտագործման համար սահմանվել էր առավելագույնը 250 տ չափաքանակ։
Ըստ շրջակա միջավայրի նախարարության տարածած տեղեկության՝ «Սեւանա լճում սիգի արդյունագործական փորձարարական ձկնորսության» երկրորդ որսաշրջանի ընթացքում «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ օրենքով սահմանված կարգով ներկայացված հայտերի հիման վրա նախարարության հետ կնքվել է 303 պայմանագիր շուրջ 221164 կգ ձկան որս իրականացնելու համար:
Օգոստոսի 4-ին շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մոտ հրավիրվել է հրատապ խորհրդակցություն՝ ամփոփելու արդյունագործական որսաշրջանի երկրորդ փուլը, քննարկելու արդյունքները եւ բացթողումները։
«Կարվի հնարավորը, որպեսզի արդյունագործական որսաշրջանի դադարեցումը տարածաշրջանում որեւէ սոցիալական խնդրի չհանգեցնի։ Հաշվի կառնվեն մեր հայրենակիցների բոլոր մտահոգությունները, դրանց լուծումներ գտնելու նպատակով կկազմակերպվեն քննարկումներ նախարարության համապատասխան ստորաբաժանումներում»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։