Մեր երկրի հասարակությանն, ինչ խոսք, հասարակական-քաղաքական տերմինների նոր բառարան է հարկավոր։ Ու բառարանն այդ անհրաժեշտ է, որ պարունակի ոչ միայն տերմինների բացատրություն, այլ նաեւ հերքի նույն այդ տերմինների տարածված «մեկնությունները»։ Կարելի է անգամ անվանել՝ «տերմինների բացատրական ու դրանց մասին կարծրատիպերի ջախջախման բառարան»։
Քաղաքական բառամթերքի առողջացմանն, իհարկե, պիտի օգնեին քաղաքական երկխոսություններն ու առաջին հերթին Ազգային ժողովում ծավալվող քննարկումները։ Բայց վախենամ՝ այդ քննարկումներից ծնվի «արգահատելի վարքի ու դատափետելի բառապաշարի դոկումենտալ խառնաղմուկ» թրիլլերը միայն։
Ու թեեւ մեր բաղձալի բառարանը կազմելու համար բավական ժամանակ է պետք, փորձենք ուրվագծել նրա ներածությունը։
Մեր հասարակությունը գերքաղաքականացված է, բայց մենք քաղաքականը կուսակցականից եւ իշխանականից չենք տարբերում։ Ու ջանում ենք ապաքաղաքական ներկայացնել երեւույթներ ու հասկացություններ, որոնք ապաքաղաքական լինելու դեպքում դադարում են գոյություն ունենալուց։
Մեր պետական ծառայողներն անվերջ խոսում են պետականամետ լինելու անհրաժեշտության մասին, բայց իրենց վարքը հաճախ չի տարբերվում ծառայամտությունից։ Հավանաբար իրենց բառարանում այս հասկացությունները որպես հոմանիշ են ներկայացված, մինչդեռ պիտի հականիշների բաժնում լինեին։
Մենք խոսում ենք այլակարծության ու գաղափարների բազմազանության անհրաժեշտությունից, բայց որպես դրա ապացույց մատնանշում նույն գաղափարի կամ դրա բացակայության տարատեսակ դրսեւորումներ․ ԱԺ կտուրի տակ հավաքված իբր հակընդդեմ գաղափարներ կրողների ներդաշնակ ու փոխլրացնող վարքը վկա։
Մենք խոսում ենք կրթության որակի բարելավման մասին, բայց ակնկալում ենք անկրթության, անտառաճանաչության ու հաճախ մարտնչող տգիտության գրկաբաց ընդունում ու ողջունում։
Մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք, ու մեր երկրում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն վերլուծելիս պիտի խոսենք, թե ՀՀ քաղաքացին ինչ իրավունք ունի անելու եւ ինչի իրավունքը չունի։ «Հային վայել չի», «հայը սենց ա», «հայը նենց ա» արտահայտություններով մենք մեզ «համայնքի» կարգավիճակ ենք տալիս։ Երբ ասում ես՝ «հայը հային չպիտի սպանի, ապօրինի բանտարկի, հայհոյի, վիրավորի», կարելի է ենթադրել, որ հայը վրացուն, ռուսին, անգլիացուն սպանելու, բանտարկելու, հայհոյելու, վիրավորելու իրավունք ունի։
Երբ ցանկացած վատ երեւույթի կամ մարդու բնորոշում ենք որպես թուրք կամ թուրքի գործակալ, դրանով ոչ միայն ցույց ենք տալիս մեր հավաքական ատելությունը թուրքերի հանդեպ (ինչը առանձին քննարկման թեմա է, որովհետեւ հավաքական ատելության զոհ դարձած հանրույթի կողմից նույնպիսի՝ հավաքական ատելություն չունենալը պիտի որ տրամաբանական հետեւանք լիներ), այլեւ զրկում ենք ինքներս մեզ փոխվելու հնարավորությունից։
Վատ պատգամավորը, պաշտոնյան, ոստիկանը թուրք չէ, ոչ էլ թուրքի գործակալ, Հայաստանի Հանրապետության պատգամավոր է, պաշտոնյա, ոստիկան ու, ինչքան էլ վատը լինի, պիտի իր իրավասությունների շրջանակում անի ամեն բան Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունն ու իրավունքները պաշտպանելու համար։
Եվ եթե թերացել է այդ հարցում, եթե ճակատագրական սխալներ է գործել ու այդ սխալներն ընդունելու կարողություն իսկ չունի, կետ առ կետ պիտի բարձրաձայնենք քայլերը, որ պիտի չարվեին, եւ քայլերը, որոնք արվելու դեպքում կարող էին փոխել իրավիճակը։ Իսկ թուրք ասելով՝ մեծ արտոնություն ենք նվիրում հասցեատիրոջը, որովհետեւ այդ «մեղադրանքը» պարզ մի հակափաստարկ ունի՝ «ես թուրք չեմ» կամ «թուրքը դու ես»։
Երբ որեւէ պաշտոնյա չարաշահում է իր լիազորությունները, խախտում է օրենքները կամ որեւէ մեկի համար անընդունելի, գուցե անգամ տհաճ ելույթ է ունենում, պետք է գրել, ահազանգել, բողոքել նրա ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ գործունեության մասին, անգամ եթե նա ԿԻՆ է։ Եթե մեր հասարակական-քաղաքական քննարկումներում շարունակենք կին գործիչների պիտակավորումը՝ թիրախավորելով սեռը, արտաքինը, նախասիրությունները, անձնական կյանքը, ավելի ու ավելի կնվազեցնենք նույն այդ քաղաքական դաշտում իսկապես մտածող ու կարող կին գործիչների հայտնվելու հավանականությունը։
Խորհրդարանական ու արտախորհրդարանական խառնաղմուկը, հուսանք, դեռ քաղաքական երանգ կստանա, մինչ այդ մտածենք բառարանակազմության անհրաժեշտության մասին։
Արեւելագետ-հետազոտողի իմ մասնագիտությունը հուշում է, որ հարեւաններին պետք է ընդունել ոչ միայն իբրեւ ճակատագիր, այլեւ քաղաքական, սոցիալական ու մշակութային երեւույթ, որը պետք է ճանաչել ու հասկանալ։