Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի իշխանություններին կոչ է արել դադարեցնելու քրեական հետապնդումը եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ եւ չեղարկելու խոսքի իրավունքը լրջորեն վտանգող ու խախտող օրենսդրական նախագծերը:
Կազմակերպությունն ընդգծել է, որ եզդի իրավապաշտպանի նկատմամբ հարուցված քրեական գործը, ինչպես նաեւ 7-րդ գումարման Ազգային ժողովի կողմից անձին եւ մասնավորապես հանրային անձին ծանր վիրավորանք հասցնելը քրեականացող օրինագծերի ընդունումը վկայում են, որ ժողովրդավարության ու իրավունքի ոլորտներում Հայաստանի վերջին տարիների ձեռքբերումները վտանգված են:
Եվրոպայում ու Եվրասիայում Freedom House-ի ծրագրերի տնօրեն Մարկ Բերենթը հայտարարել է, որ եզդի իրավապաշտպանի նկատմամբ չարդարացված քաղաքական հետապնդումը անհանգստացնող է ինչպես Հայաստանում էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ վերաբերմունքի, այնպես էլ կառավարության՝ քննադատությանը հակազդելու տեսանկյունից:
Բենեթը շեշտել է, որ հատկապես կառավարական պաշտոնյաների նկատմամբ «ծանր վիրավորանքը» եւ քննադատության այլ ձեւերը քրեականացնող օրենսդրության ընդունումը խեղդում է խոսքի ազատությունը եւ քաղաքական ընդդիմությունը:
«Հայաստանի իշխանություններին Ազգային անվտանգության ծառայությանը եւ Գլխավոր դատախազությանը հորդորում ենք հրաժարվել Սաշիկ Սուլթանյանի դեմ մեղադրանքներից եւ չեղարկել խոսքի ազատությունը խաթարող հակասահմանադրական օրենսդրությունը»,- նշել է Բերենթը:
Եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանը մեղադրվում է հայ ու եզդի ժողովուրդների միջեւ ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու համար՝ հիմք ընդունելով նրա հարցազրույցներից մեկը:
Հայհոյանքը քրեականացնելու օրինագծով անձին ծանր վիրավորանք հասցնողը՝ հայհոյողը կամ անձի արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորողը, տուգանվում է 100 հազարից մինչեւ 3 միլիոն դրամով կամ 1-3 ամիս ժամկետով կալանքով: 7-րդ գումարման Ազգային ժողովն օրինագիծն ընդունեց անցած շաբաթ: