Շարունակվում են սպիտակ արագիլների աղտոտման հնարավոր աղբյուրների եւ պատճառների բացահայտմանն ուղղված աշխատանքները։
Շրջակա միջավայրի նախարարության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ հատուկ գրություններ են ուղարկվել Պետական եկամուտների կոմիտե՝ հայցելով տեղեկություններ Արարատի եւ Արմավիրի մարզերում գործող արտադրական մի շարք ձեռնարկությունների վերաբերյալ։
Դրանք հիմնականում ձկնաբուծական, խեցեմորթների, կակղամորթների, ընտանի թռչունների մսի, մրգի եւ բանջարեղենի մշակման եւ պահածոյացման, ինչպես նաեւ օծանելիքի, կոսմետիկական միջոցների արտադրությամբ զբաղվող ընկերություններ են:
ՇՄ նախարարությունը դիմել է նաեւ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին, որը զբաղվում կենդանական ծագման թափոնների կառավարման վերահսկմամբ։ Խնդիր է դրվել Մասիսի քաղաքային աղբավայրում ուսումնասիրել թափոնների սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների նորմերի պահպանումը։
Հիշեցնենք, որ վերջին երկու տարում Հայաստանում գրանցվել են սպիտակ արագիլների փետուրների անհայտ նյութով աղտոտման դեպքեր։ Հավանական աղբյուր է դիտարկվում Մասիս քաղաքի աղբավայրը։
Ձեռնարկվող միջոցառումների արդյունքներին կանդրադառնանք հաջորդիվ:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։