Բեյրութի Հայկազյան համալսարանի աշխատակից Միրա Յարդմյանը մեկ տարի առաջ այս օրը Բեյրութի նավահանգստին շատ մոտ գտնվող գեղեցկության սրահներից մեկում էր, երբ պայթեց 2750 տոննա ամոնիումի նիտրատը։ Քանդվեց արեւելյան Բեյրութը, քաղաքը պատվեց կրակով, ծխով, ավերակներով:
Միրա Յարդմյանը պայթյունից րոպեներ առաջ էր մտել գեղեցկության սրահ, երբ պատուհանից տեսավ շատ ցածր թռչող օդանավը:
«Մենք Լիբանանի քաղաքացիական պատերազմի օրերից գիտենք, որ եթե օդանավն այսպես ցածր է թռչում, ուրեմն մի բան լինելու է: Բայց այն, ինչ տեղի ունեցավ, նման չէր քաղաքացիական պատերազմի երեսուն տարվա մեր ապրածին, դրան հաջորդած ահաբեկչություններին եւ ոչ էլ որեւէ աղետի: Այն, ինչ զգացինք օգոստոսի 4-ին, գերազանցեց բոլոր տարիների մեր տեսածները միասին»,- մեկ տարի առաջվա իր տեսածն ու զգացածը «Ալիք Մեդիա»-ին պատմում է Միրա Յարդմյանը՝ աղետից փրկված հազարավորներից մեկը:
Առաջին պայթյունից հետո նա առանց կոշիկների դուրս է վազել՝ չհասկանալով, թե ինչ կատարվեց:
«Սրահում ամեն ինչ քանդվեց, պայուսակս, կոշիկներս, հեռախոսս չէի գտնում, ավազից ու փոշուց խեղդվելով՝ հազիվ փողոց եմ վազել»: Փողոցում ոտաբոբիկ վազելուց իր լուսանկարը նա հետո տեսել է լրատվամիջոցներոմ։
Արձանագրողը լիբանանցի լուսանկարիչ Հուսեյն Բայդունն է, որը, վիրավոր լինելով, աղետի էպիկենտրոն է հասել եւ սկսել վավերագրել:
2020-ի օգոստոսի 4-ին երկու օրով հանվել էին կորոնավիրուսի պատճառով տնից դուրս չգալու՝ «լոքդաուն»-ի սահմանափակումները, եւ ինչպես Միրան է հիշում, մարդիկ փորձում էին բոլոր գործերը, հանդիպումներն այդ մեկ-երկու օրվա մեջ հասցնել: Նույն օրը բանկում երկար հերթ է կանգնել, դժվարությամբ փող հանել: Լիբանանյան դրամի ճգնաժամի պատճառով մարդիկ չէին կարողանում (մինչեւ հիմա) սեփական խնայողությունը ստանալ բանկից, հանված գումարն էլ պայուսակի մեջ մնացել է փլատակների տակ:
«Ես ոտաբոբիկ վազում էի փողոցում, ամեն տեղ՝ մահ, ավեր, լաց, աղմուկ, ճանապարհները փակ էին քարերով, շտապօգնության մեքենա չէր կարողանում մտնել փողոցները: Մոտ քառասուն րոպե քայլել եմ, մինչեւ հայկական Հաճն շրջանն եմ հասել, այնտեղ հայկական ակումբում ինձ առաջին օգնությունն են ցույց տվել, արդեն իմացանք, որ նավահանգստում է տեղի ունեցել աղետը: Հեռախոսակապը չէր աշխատում, երբ հազիվ միացանք, բնականաբար առաջինը հարազատներիս եմ զանգել՝ ամուսնուս, աղջկաս, մայրիկիս, իրենք ինձ էին փնտրում, ես՝ իրենց: Ամուսինս իր ծնողների տանն է եղել, տունը փլվել է, մահից հազիվ են փրկվել»,- պատմում է Միրան:
Մեկ տարվա մեջ չի եղել մի օր, որ նա 2020-ի օգոստոսյան այդ օրը չհիշի: Հոգեբանական ծանր շրջան է անցել, մինչեւ երկաթներից, քարերից, ապակիներից վնասված ոտքերը բուժվել են, եւ կարողացել է տնից դուրս գալ:
«Դեպքի վայրում կայանած մեքենայիս մասին օրեր հետո եմ հիշել, երբ տեղեկացրին, որ ամեն մեկը գնա եւ իր մեքենան նավահանգստի տարածքից հանի: Երբ մեքենայի տեղը տեսա, նորից ծանր ապրումներ ունեցա, ընդամենը րոպեներ առաջ ես մեքենայի մեջ էի, եւ եթե մի քիչ ուշանայի, չէի փրկվի»:
Իսկ եթե…
Միրան հիշում է, որ ամիսներ շարունակ իրեն տանջել են «Իսկ եթե…»-ով սկսվող հարցերը: «Իսկ եթե մեքենայում լինեի՞, իսկ եթե փողոցում լինեի՞, չհասցնեի շենք մտնել, իսկ եթե՞…»: Ապրումները կարողացել է հաղթահարել ընտանիքի, հարազատների աջակցությամբ: Նաեւ Հայկազյան համալսարանի հոգեբանն է համալսարանական տուժածների հետ աշխատել: Հայկազյան համալսարանը, ինչպես նաեւ քաղաքի կենտրոնում գտնվող բոլոր հայկական եկեղեցիները, դպրոցները, կառույցները վնասվել են պայթյունից:
«Մեր համալսարանի երկու գրադարաններն ու բոլոր լաբորատորիաները քանդվել են: Որտեղ որ ապակիից ինչ-որ բան կար, փշրվել է: Իհարկե հետո վերականգնել ենք, աշխատել ենք՝ հույսը, լավատեսությունը պահելով, ուրիշներին հուսադրելով, որովհետեւ առանց դրա հնարավոր չէր: Մեկ տարի հետո, երբ ես նայում եմ աղետի հետեւանքներին, դեռ անտուն մարդկանց եմ տեսնում, հաշմանդամների եմ տեսնում. իրենց աշխատանքը, գործատեղին կորցրածները շատ-շատ են: Դժվար է այդ մարդկանց վիճակը, բայց ամենադժվարն, իհարկե, զոհերի հարազատների վիճակն է»,- ասում է Հայկազյան համալսարանի հանրային կապերի պատասխանատու Միրա Յարդմյանը:
Աջակցություն
Աղետի մեկ տարվա առթիվ այսօր Լիբանանում կազմակերպված հավաքն ունի «Աջակցություն» խորագիրը: Մարդիկ փողոց են դուրս եկել՝ աջակցելու պայթյունից զոհված 250 հոգու հարազատներին: Փողոց դուրս եկածները նաեւ արդարություն են պահանջում: Աղետից մեկ տարի հետո դեռ ոչինչ պարզ չէ:
Ըստ հիմնական վարկածի՝ նավահանգստում պահեստավորված ամոնիումի նիտրատը եղել է մոլդովական բեռնափոխադրող MV Rhosus նավի վրա, որը 2014 թվականին շարժիչի հետ կապված խնդիրների պատճառով կայանել է Բեյրութի նավահանգստում: Նավը 2750 տոննա ամոնիումի նիտրատը Վրաստանի Բաթում եւ Մոզամբիկի Բեյրա քաղաքներից ինչ-որ տեղ էր փոխադրում: Երբ նավարկման համար ոչ պիտանի է ճանաչվել, սեփականատերերը եւ բեռնափոխադրողները լքել են նավը, անձնակազմը վերադարձվել է, իսկ բեռը տեղափոխվել է ափ եւ պահեստավորվել քիմիական նյութերի պահեստներում:
Լիբանանի խորհրդարանը համաձայնություն չի տալիս այն նախագծին, որով պատգամավորները (որ երկրի քաղաքական ու տնտեսական վերնախավն է՝ խոշոր գործարարներից մինչեւ ազդեցիկ պաշտոնյաներ) կզրկվեն անձեռնմխելիությունից եւ կկանգնեն դատարանի առջեւ: «Անշուշտ, կային մարդիկ, որոնք տեղյակ էին այս վտանգի մասին եւ լռում էին: Հետաքննությունը դեռեւս չի պարզել՝ պայթյունն արդյոք դժբախտ պատահա՞ր է, թե՞ միտումնավոր արարք»,- ասում է աղետից տուժած մեր զրուցակիցը:
Աղետից հետո բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ մարդասիրական օգնություն են ուղարկել Լիբանանին: Հայաստանից ու Արցախից նույնպես բեռնավորված օդանավեր են հասել աղետյալ Բեյրութ: «Շատ մարդիկ, որոնք կորցրին իրենց տները, ասում էին՝ մեզ ոչ մի օգնություն պետք չէ, տվեք բանկերում «բանտարկված» մեր դրամները, մենք ինքներս կկառուցենք տուն, ոտքի կկանգնենք, կապրենք»,- կրկին Լիբանանի տնտեսական ճգնաժամին է վերադառնում Միրա Յարդմյանը:
«Բանկերի գործադրած այս ճնշումը աղետից յոթ-ութ ամիս առաջ արդեն սկսված էր: Քաղաքական անկայունությունը, կորոնավիրուսը, աղետի հետեւանքները, աննախադեպ թանկացումը, իսկ հիմա արդեն առողջապահական լուրջ ճգնաժամը հյուծել են մարդկանց: Այսօր երկրում դեղ եւ դեղամիջոցներ չկան: Մարդիկ մահանում են դեղ չլինելուց. անհավատալի է, բայց այդպես է: Հիվանդանոցներն իրենք են հայտարարում այդ վիճակի մասին: Բոլորս աղոթում ենք, որ հիվանդանոց չընկնենք, ասում ենք, թե ամեն ինչի կդիմանանք, միայն դա չլինի»,- մարդկանց տրամադրությունների մասին պատմում է Միրա Յարդյմանը՝ ավելացնելով, որ շատերի պես ինքն էլ չի հավատում, որ կառավարություն կկազմվի, եւ երկիրը փոքր-ինչ դուրս կգա այս վիճակից: «Վարչապետ ունեցանք վերջապես, բայց կարծում եմ, կառավարություն այդպես էլ չի կազմվի: Հույսեր փայփայում եմ, բայց չեմ հավատում: Լիբանանի այսօրվա վիճակի համար «հավատ»-ը շատ լուրջ բառ է»:
Նավահանգստի աղետի մասին այլ նյութերի «Ալիք Մեդիա»-ն կանդրադառնա առաջիկայում
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։