Օլիմպիադայի բելառուսցի մասնակից 24-ամյա Քիստինա Տիմանովսկայայի քայլին հետեւել է Գերմանիայում գտնվող թեթեւատլետ Յանա Մաքսիմովան, որը ամուսնու՝ 2008-ի օլիմպիական խաղերում տասնամարտի մարզաձեւում արծաթե մեդալ նվաճած Անդրեյ Կրավչենկոյի հետ որոշել է հայրենիք չվերադառնալ։
Յանա Մաքսիմովան այս տարի նվաճել էր Բելառուսի գավաթը, բայց Տոկիոյի օլիմպիական խաղերին մասնակցելու համար չի կարողացել լրացնել որակավորման պահանջվող չափանիշները։
Ինստագրամի իր էջում մարզուհին գրել է, որ երկար մտորումներից հետո ամուսիններով որոշել են չվերադառնալ Մինսկ, քանի որ Բելառուսում հնարավոր է կորցնել ոչ միայն ազատությունը, այլեւ զրկվել կյանքից։
Ի դեպ, Քրիստինա Տիմանովսկայան, որին Լեհաստանը մարդասիրական վիզա է տրամադրել, Տոկիոյից Վարշավա մեկնելու փոխարեն վերջին պահին ուրիշ չվերթով հասել է Վիեննա։ Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ ավիաչվերթը փոխվել է մարզուհու անվտանգության նկատառումներով։