Եթե դու չես գնում կրթության հետեւից, կրթությունն է քեզ մոտ գալիս։ Խոսքն այս դեպքում առցանց կրթության մասին չէ, այլ անիվների վրա Հայաստանի հեռավոր մարզեր գնացող մի խումբ երիտասարդների։
EduVanHub նախագիծն, ըստ էության, շարժական կրթարան է, որի նպատակը մարզերում բնակվող երեխաներին մեդիագրագիտություն ուսուցանելն է։
Ամեն շաբաթ նախագծի հեղինակ-կազմակերպիչները նստում են մեքենան եւ ուղեւորվում Հայաստանի տարբեր մարզեր։
Մեդիագրագիտության դասերից բացի՝ պատանիներն ու երիտասարդները ծանոթանում են վիդեոբլոգինգի հմտություններին, հնարավորություն ստանում վեբ-կայքում տեղադրելու իրենց հուզող հարցերն ու մեդիա թրեյներներից ստանալու դրանց պատասխանները։
Նախագծի անունը պատահական չէ ընտրված․ Edu-ն անգլերենից թարգմանաբար նշանակում է կրթություն, Van-ը մեքենայի թափքի տեսակն է, իսկ Hub-ը հանգույցն է, տվյալ դեպքում՝ մեդիահանգույցը։
Նախագծի հեղինակ Գեւորգ Հարությունյանը նշեց, որ EduVanHub-ի գաղափարն առաջացել է տարիներ առաջ, երբ ընկերների հետ թատերական ներկայացումներ էին կազմակերպում մարզերում։
«Ինքս Երեւանում եմ ծնվել, մեծացել եւ չեմ պատկերացրել, որ գյուղերում կան բազմաթիվ խնդիրներ, հատկապես կրթության, մշակույթի ոլորտում։ Գիտեք, գյուղերում մարդիկ ավելի մեկուսացված են։ Այդ ժամանակից ինձ հանգիստ չէր տալիս այն միտքը, որ պետք է հավասար պայմաններ ստեղծել նաեւ մարզաբնակ երեխաների համար, որպեսզի բոլորը կարողանան իրենց կրթական իրավունքն իրացնել, մասնակցեն մշակութային իրադարձություններին»,- ասում է նախագծի հեղինակը։
2019 թվականին եղավ EduVanHub-ի փորձարկումը։ Նախագիծը ոչ միայն հաջողությամբ փորձարկվեց, այլեւ արտահանվեց Հայաստանից։ Սա կրթական առաջին նախագիծն էր, որը հայերն իրականացրին Հայաստանի սահմաններից դուրս։
Նախագծի դասընթացավարներից Ժոր Մարտիրոսյանը նշում է, որ EduVanHub-ի միջոցով ոչ միայն կրթությունն են ավելի հասանելի դարձնում, այլեւ բարձրացնում են Հայաստանի ճանաչելիությունն արտերկրում։
«Որպես դաընթացավար փորձել եմ ներկայացնել Հայաստանը։ Դասընթացի վերջում ներկայացրել ենք տեսանյութեր, որոնք հիմնականում հայկական ավանդույթների, մշակույթի, տոների մասին են»,- ասում է Ժոր Մարտիրոսյանը։
Նախագծի նպատակը ոչ թե մեդիագրագիտության եւ բլոգինգի մասին մի քանի ժամվա ընթացքում խոր գիտելիքներ տալն է, այլ պատանիների ներուժը խթանելը, քանի որ նրանցից շատերն ունեն երազանքներ, գաղափարներ, բայց չգիտեն ինչից սկսել։
Շուշան Ստեփանյան