«Ջին Հոլդինգ Լիմիթիդ» ՍՊԸ-ն մայիսի 14-ին նախաձեռնել էր Ուռուտի բազմամետաղային հանքային դաշտում 2021-2024 թվականներին նախատեսվող երկրաբանահետախուզական աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային լսումներ։
Ուռուտցիները թույլ չտվեցին, որ լսումները կայանան՝ միահամուռ հայտարարելով, թե չեն ցանկանում ո՛չ այսօր, ո՛չ էլ ապագայում որեւէ բան լսել հանքարդյունաբերության մասին։
Այսուհանդերձ, ընկերությունը չի հրաժարվել իր մտադրությունից եւ օգոստոսի 10-ին՝ 12:00-ին, նախաձեռնում է երկրաբանահետախուզական ուսումնասիրության աշխատանքների եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային բաց լսումների առաջին փուլը:
Այս մասին տեղեկություն է տարածել Լոռի Բերդի համայնքապետարանը՝ հրավիրելով ֆիզիկական եւ իրավաբանական բոլոր շահագրգիռ անձանց՝ մասնակցելու լսումներին:
Մասնակցել ցանկացողները մինչեւ օգոստոսի 9-ը՝ 15:00-ն, կարող են իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել՝ ուղարկելով [email protected] հասցեին կամ թղթային տարբերակը հանձնելով Լոռի Բերդի համայնքապետարան:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։