Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ Տաջիկստանի Խաթլոնի մարզում այսօր մեկնարկել են Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի եռակողմ զորավարժությունները: Զորախաղերին մասնակցում են ավելի քան 2500 զինծառայող եւ 420 միավոր զրահատեխնիկա։
Տաջիկստանում ընթացող զորավարժություններին զուգընթաց Տաջիկստանի հարեւան Ուզբեկստանում՝ Աֆղանստանի հետ սահմանի անմիջական հարեւանությամբ գտնվող «Թերմեզ» զորավարժարանում մեկնարկել են համատեղ ռուս-ուզբեկական զորախաղերը։
Զորավարժություններին մասնակցում են երկու երկրները ներկայացնող 1500 զինվորականներ՝ հիմնականում հատուկ նշանակության ստորաբաժանումներից։
Այսպիսով՝ Ռուսաստանը Աֆղանստանում ամերիկյան եւ ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերման պահից սաստկացող ճգնաժամի պայմաններում շարունակում է խորացնել ռազմական համագործակցությունը Կենտրոնական Ասիայի պետությունների հետ։
ՌԴ ՊՆ տվյալներով զորավարժությունների առաջին օրը դրանց մասնակիցները կենտրոնացել են պայմանական հակառակորդի թիկունքում իրականացվող դեսանտային գործողությունների վրա։
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ զորավարժությունների նպատակը հնարավոր սպառնալիքների չեզոքացումն ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ապահովմանն ուղղված գործնական համագործակցության խորացումն են: