ԱՄՆ Քոնեքթիքութ նահանգի Քվինիպեկի համալսարանի անցկացրած հարցման արդյունքներով ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի վարչակազմի գործունեությանը կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի ասպարեզում հավանություն է տալիս ամերիկացիների 53%-ը, բացասաբար՝ 40%-ը:
Մայիսին այդ ոլորտում ԱՄՆ-ի վարչակազմի աշխատանքին հավանություն է տվել համանման սոցիոլոգիական հետազոտության մասնակիցների 65%-ը: Բացասաբար է արձագանքել հարցվածների 30%-ը:
Համալսարանի հասարակական կարծիքի հարցումների մասնագետ Թիմ Մելոյը պարզաբանել է, թե ինչու է Բայդենը կորցնում ամերիկացիների աջակցությունը՝ նշելով, թե այն իրավիճակում, երբ չպատվաստվածները կորոնավիրուսի «Դելտա» շտամի զոհ են դառնում, Սպիտակ տան լավատեսությունը վաղաժամ է:
ԱՄՆ նախագահի ամբողջ գործունեությանը հավանություն է տվել ամեկրիկացիների 46%-ը, հակառակ տեսակետին է 43%-ը:
Դեմոկրատ Բայդենի տնտեսական քաղաքականությանը հավանություն է տալիս հարցման մասնակիցների 43%-ը, բացասաբար է գնահատում 48%-ը: ԱՄՆ արտաքին քաղաքականությանը հավանություն է տալիս ամերիկացիների 42%-ը: 44%-ը հակառակ կարծիքին է: