ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում մասնակցել է Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության պաշտոնական արարողությանը։
Միջոցառումը տեղի է ունեցել Իրանի Մեջլիսում։ Իրանի նախագահը ողջունել է պատվիրակությունների ղեկավարներին եւ համատեղ լուսանկարման արարողությունից հետո նրանց ուղեկցել դահլիճ:
Ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության՝ Էբրահիմ Ռայիսիի երդման արարողությանը ներկա է եղել աշխարհի 73 պետություն ներկայացնող ավելի քան 100 պաշտոնյա, որոնց թվում՝ 10 պետության ղեկավար, խորհրդարանների 20 նախագահներ, 11 արտգործնախարար։
Ի տարբերություն Հայաստանի՝ Ռայիսիի երդմնակալության արարողությանը Թեհրանում Ադրբեջանը ներկայացված էր խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի մակարդակով։
Խաղաղության պահպանման առանցքային նշանակությունը
Աշխատանքային այցով Թեհրանում գտնվող Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 5-ին նաեւ հանդիպում է ունեցել նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։
Իրանի նախագահի նստավայրում դիմավորելով Փաշինյանին՝ Ռայիսին հայտարարել է, որ իր երկիրը կարեւորում է բարեկամ Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական եւ հումանիտար ոլորտներում հարաբերությունների շարունակական զարգացումը։
Ռայիսին ընդգծել է, որ Թեհրանի համար առանցքային նշանակություն ունի տարածաշրջանում խաղաղության պահպանումը՝ հավելելով, որ Իրանը եւս անհրաժեշտ է համարում բոլոր հարցերը երկխոսության միջոցով կարգավորելը։
Կողմերը քննարկել են առեւտրատնտեսական կապերի ամրապնդման, մասնավորապես Մեղրիի ազատ տնտեսական գոտուն, ԵԱՏՄ-ի հետ Իրանի ազատ առեւտրի ռեժիմի կիրառմանը, Պարսից ծոցը Սեւ ծովին կապող տրանսպորտային ու մալուխային կապի զարգացմանը, հայաստանյան «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղուն, գազ-էլեկտրաէներգիա գործարքի շրջանակում էներգետիկ փոխգործակցությանը առնչվող հարցեր։