Լոռու մարզի հանքարդյունաբերության ազդեցության գոտուց վերցված 136 փորձանմուշներն ուղարկվել են Չեխիա՝ լաբորատոր հետազոտության:
Նմուշառումները կատարվել են մարզի ռիսկային համարվող գրեթե բոլոր բնակավայրերում։ Հաղպատի տարածքում նմուշառման գործողություններին մասնակցել են նաեւ Չեխիայի Հանրապետության հյուպատոս Անի Շագինյանովան, Հայաստանում ՉՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի տիկին Էլեոնորա Կոպեցկան, Հայաստանում Սլովակիայի Հանրապետության դեսպանության վարչական եւ ֆինանսական բաժնի ղեկավար Դագմար Պոպյակովան: Փորձանմուշների լաբորատոր հետազոտության արդյունքները հասանելի կլինեն հոկտեմբերի առաջին կեսին:
Նախաձեռնության հեղինակները ծրագրում են քիմիական աղտոտվածության աղբյուր հանդիսացող հանքարդյունաբերական ձեռնարկությունների ենթակառուցվածքների՝ հանքավայրերի, պոչամբարների, լցակույտերի եւ թափոնների վերաբերյալ հիմնավոր տվյալներ ներկայացնել շահագրգիռ կողմերի քննարկմանը:
Նախատեսում են նաեւ հանդիպում-քննարկումներ բնակիչների ու ՏԻՄ-երի, պատասխանատու պետական մարմինների եւ շահագրգիռ հանրության հետ՝ մարդկանց էկո-իրավունքները պաշտպանելու եւ շրջակա միջավայրի աղտոտվածության ռիսկերը նվազեցնելու քաղաքականության մշակման նպատակով:
Հայ-չեխական համագործակցությանն ավելի մանրամասն «Ալիք Մեդիան» կանդրադառնա առանձին հոդվածով։
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։