Լոռու մարզի հանքարդյունաբերության ազդեցության գոտուց վերցված 136 փորձանմուշներն ուղարկվել են Չեխիա՝ լաբորատոր հետազոտության: Արդյունքները, պատրաստ լինելուն պես, կներկայացվեն պատկան մարմիններին ու շահագրգիռ հանրությանը:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Լոռու մարզի հանքարդյունաբերական գործունեության ազդեցության տակ գտնվող եւ քիմիական աղտոտվածության ենթարկված տարածքներից չեխական ու տեղական կազմակերպությունների մասնագետները համատեղ նմուշառման աշխատանքներ են իրականացրել:
Սենյակային փոշու, հողի, գետային նստվածքների, կաթնամթերքի ու կենսանյութերի (մարդու մեզի եւ մազերի) 136 նմուշ է վերցվել մարզում հանքարդյունաբերական գործունեություն ծավալած «Սագամար» եւ «Մուլտի Գրուպ» ընկերությունների, ինչպես նաեւ ներկայումս գործող «Թեղուտ» եւ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերությունների ազդեցության գոտում գնտվող տարածքներից:
Ուստի-նադ-Լաբեմի շրջանում գտնվող, Չեխիայի Առողջապահության ինստիտուտի հավաստագրված լաբորատորիայում առաջնահերթ կուսումնասիրվեն նմուշներում այն ծանր մետաղների պարունակությունները, որոնք առավել բնորոշ են հանքարդյունաբերական գործունեությանը, մասնավորապես մկնդեղի, կադմիումի, պղնձի, ցինկի եւ կապարի պարունակությունը:
Քիմիական անվտանգության հարցերով զբաղվող չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպությունը Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ տեղական «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» եւ «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ների հետ Լոռու մարզի Ալավերդու եւ Ախթալայի տարածաշրջաններում արդեն քանի տարի հետազոտություններ է իրականացնում:
«Յուրաքանչյուր ուսումնասիրություն լրացնում է նախորդները, որպեսզի հնարավորինս շատ տվյալներ ստանանք առավել խոցելի տարածքներում աղտոտման տարածվածության վերաբերյալ՝ դրանով իսկ բարձրացնելով բնակչության իրազեկվածությունը առողջությանը եւ շրջակա միջավայրին սպառնացող վտանգների մասին»,- նշել է չեխական «Առնիկա» ՀԿ ներկայացուցիչ Վալերիա Գրեչկոն:
Նախորդ տարիներին (2018) կատարված ուսումնասիրություններից պարզվել է, որ հետազոտված տարածքի գետային նստվածքներն ու հողատարածքներն աղտոտված են պղնձով, ցինկով, մոլիբդենով, կապարով ու մկնդեղով: Տեղական ֆերմերային տնտեսություններից ու այգիներից վերցված մրգերի, բանջարեղենի ու հողի նմուշներում եւս անցանկալի նյութերը մի քանի անգամ գերազանցել են սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ):
Մարդու վրա միջավայրի ու սննդի աղտոտվածության ազդեցությունը գնահատելու նպատակով ուսումնասիրության էին ենթարկվել Մեծ Այրում գյուղում գտնվող պոչամբարի, Ախթալայի հանքավայրի ու Ալավերդու պղնձաձուլական գործարանի հարեւանությամբ ապրող մարդկանց մազերի նմուշները։ Ախթալա խոշորացված համայնքի Ճոճկան եւ Մեծ այրում գյուղերի բնակիչների օրգանիզմում մեծ քանակությամբ մկնդեղ էր հայտնաբերվել, երեխաներից վերցված նմուշներում 1 գ կրեատինինի մեջ 0,58 մգ մկնդեղ էր հայտնաբերվել։ Չեխիայում, օրինակ, նորման 0,05 մգ-ն է:
Այս տարի ընդլայնվել է ուսումնասիրության աշխարհագրությունը՝ ներառելով նաեւ Արմանիս, Մղարթ, Շնող եւ Թեղուտ գյուղերի տարածքները: Փորձանմուշների հավաքման աշխատանքներում ակտիվորեն ներգրավվել են նաեւ բնակիչները, որոնք անչափ հետաքրքրված են շրջակա միջավայրի վիճակով եւ հույս ունեն այս կերպ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալու:
Մասնավորապես նրանց հետաքրքրում է աղտոտվածության կապն առողջական խնդիրների հետ:
Հանքարդյունաբերության անմիջական ազդեցության գոտում բնակվողների համոզմամբ հետազոտությունների արդյունքները ապացույց կարող են դառնալ արդարության եւ իրավունքների վերականգնման համար իրենց պայքարում:
Տեղեկացնենք, որ «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն»-ի նախաձեռնությամբ 70 քաղաքացի դիմել է դատարան Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի դեմ հայցով՝ իր առողջությանը եւ տնտեսությանը հասցված վնասների փոխհատուցման պահանջով:
«Այս պահին միակ ապացույցը, որոնցով մարդիկ կարող են պաշտպանել իրենց իրավունքները, այս հետազոտության արդյունքներն են, քանի որ Հայաստանում չկան մարդու առողջության վրա հանքարդյունաբերության եւ աղտոտվածության ազդեցությունը գնահատելու պետական մեխանիզմներ: Նախկինում չեն եղել նման ապացույցներ, տվյալներ, որոնք ցույց կտային շրջակա միջավայրի աղտոտվածության ու մարդու առողջության շղթայական կապը, աղտոտող նյութերի կուտակումը մարդու օրգանիզմում»,- ասում է «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուլգարյանը:
Փորձանմուշների լաբորատոր հետազոտության արդյունքները հասանելի կլինեն հոկտեմբերի առաջին կեսին: Նախաձեռնության հեղինակները ծրագրում են քիմիական աղտոտվածության աղբյուր հանդիսացող հանքարդյունաբերական ձեռնարկությունների ենթակառուցվածքների՝ հանքավայրերի, պոչամբարների, լցակույտերի եւ թափոնների վերաբերյալ տվյալները ներկայացնել շահագրգիռ կողմերի քննարկմանը:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։