ՀՀ հարկային օրենսգրքում ավելացվելու է «էլեկտրոնային ծառայություն» հասկացությունը, այսինքն` էլեկտրոնային հարթակներում տեղադրվող գովազդները կհարկվեն։
Կառավարության նիստի ժամանակ այդ հայտարարությունից հետո ՊԵԿ-ի նախագահ Ռուստամ Բադասյանը ներկայացրել է «Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որն ի վերջո ընդունվել է։
«Խոշոր օնլայն հարթակները (Facebook, Google, Booking, Netflix եւ այլն), եթե ծառայություններ են մատուցում ֆիզիկական անձանց` գովազդ են դնում, բնականաբար, գումար են ստանում։ Այս դեպքում այդ ընկերությունները Հայաստանին ավելացված արժեքի հարկ են վճարելու»,- ասել է Բադասյանը։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը օրինագիծը շատ լավ օրենք է որակել եւ ենթադրել, որ դրա ընդունմամբ ՀՀ բյուջեի մուտքերն ամենաքիչը կավելանան 20 միլիարդ դրամով:
«Օրենքի նախագծով նաեւ հավասար մրցակցություն կլինի տեղական եւ այն դրսի ընկերությունների միջեւ, որոնք ՀՀ-ում ծառայություններ են մատուցում։ Օրինակ` Yandex-ն ԱԱՀ չէր վճարում, իսկ GG-ն վճարում էր։ Այսինքն` օրենքն ընդունելուց հետո Yandex-ն առնվազն 1 մլրդ դրամի ԱԱՀ կվճարի»,- ընդգծել է Քերոբյանը։
Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ ավելի վաղ ՀՀ ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության եւ վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը հայտնել է, որ խոշորագույն ՏՏ ընկերությունները՝ Facebook-ը եւ Google-ը, պատրաստ են քննարկելու Հայաստանում հարկեր վճարելու հարցը։ Պետեկամուտների կոմիտեի ղեկավարությունը հանդիպել է խոշոր տեխնոլոգիական ընկերությունների տարածաշրջանային մենեջերների հետ: