Հայաստանի մարզիկներն այսօր ավարտեցին ելույթները Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերում:
Դա հայտնի դարձավ ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարի կիսաեզրափակիչ մարտերից հետո, երբ 65 կգ քաշային Վազգեն Թեւանյանին հաղթած Հաջիմուրադ Ռաշիդովը 2:3 հաշվով պարտվեց ճապոնացի Տակուտո Օտոգուրոյին: Այդպիսով՝ մեր ըմբիշը զրկվեց սփոփիչ մենամարտից եւ բրոնզե մեդալ նվաճելու հնարավորությունից:
Այդպիսով՝ Հայաստանի 17 մարզիկ-մարզուհուց բաղկացած օլիմպիական հավաքականն ավարտեց ելույթները Տոկիոյի խաղերում՝ նվաճելով 4 մեդալ:
Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը եւ ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը նվաճեցին արծաթե մեդալ, իսկ մարմնամարզիկ Արթուր Դավթյանն ու բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը նվաճեցին օլիմպիական խաղերում իրենց առաջին բրոնզե մեդալը:
Մրցանակների ընդհանուր քանակով Հայաստանն այժմ բաժանում է 40-45-րդ տեղերը, իսկ ՄՕԿ-ի հաշվարկով 66-րդ հորիզոնականում է: Վրաստանն այժմ 26-րդն է (7 մեդալ), Իրանը` 28-րդը (8), Թուրքիան`43-րդը (7), Ադրբեջանը` 77-րդը (3):