Հայկական ԱԷԿ-ում ավարտվել են 2-րդ էներգաբլոկի ВВЭР-440 ռեակտորի իրանի վերականգնողական թրծաթողման աշխատանքները, ինչը հնարավորություն կտա կայանի շահագործման ժամկետը երկարացնելու մինչեւ 2026 թվականը։
Ռեակտորի իրանը միջուկային կայանի հիմնական չփոխարինվող մաս է։ «Ռոսատոմ» պետկորպորացիայից հայտնել են, որ թրծաթողումը թույլ կտա ռեակտորի մետաղական ծածկույթի տեխնիկական բնութագրերը 80-85 տոկոսով վերադարձնել ելակետային վիճակին։
«ՀԱԷԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը նշել է, որ Հայկական ԱԷԿ-ը Հայաստանի անվտանգության եւ տնտեսության զարգացման գրավականն է։ Նա ընդգծել է, որ ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը մեծ մասամբ պայմանավորված է ռեակտորի իրանի հուսալիությամբ ու աշխատունակությամբ։
Թրծաթողման աշխատանքներն անցկացրել են հայ մասնագետներ՝ ռուսաստանյան մի շարք ընկերությունների եւ կազմակերպությունների հետ համատեղ:
ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման նախագծի ռուսաստանյան կողմի ղեկավար Յուրի Սվիրիդենկոն ընդգծել է, որ հայաստանցի եւ ռուսաստանցի ատոմագործների համախմբված աշխատանքի, համատեղ ջանքերի արդյունքը թույլ կտա է՛լ ավելի բարձրացնել ԱԷԿ-ի անվտանգությունը եւ երկարացնել դրա շահագործման ժամկետը մինչեւ 2026 թվականը, իսկ հետագայում՝ եւս 10 տարով։
Ամբողջ աշխարհում թրծաթողումն ընդունված է որպես ռեակտորային կայանների անվտանգ եւ հուսալի աշխատանքի ապահովման արդյունավետ եղանակ։ Առաջին անգամ մեթոդը կիրառվել է 1987-ին՝ Նովովորոնեժյան ԱԷԿ-ի երրորդ էներգաբլոկում։ ВВЭР-440 տեսակի ռեակտորների վերականգնողական թրծաթողման աշխատանքներն արդեն իրականացվել են Ռուսաստանի, Ուկրաինայի, Բուլղարիայի եւ Ֆինլանդիայի մի շարք ատոմակայաններոմ։