Ըստ «Ասոշիեյթեդ Փրես»-ի՝ Հունաստանում տարածվող անտառային հրդեհները սպառնում են պատմական ու մշակութային հուշարձաններին։
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ընդգծել է, որ առաջնահերթությունը մարդկանց կյանքերը փրկելն է, որից հետո՝ սեփականության, կարեւոր ենթակառույցների պահպանությունը՝ հավելելով, որ ցավոք այդ ամենը միանգամից հնարավոր չէ իրականացնել։ Ավելի վաղ նա նշել է, որ Հունաստանը բախվել է 1987-ից ի վեր ամենասաստիկ շոգին:
Հունական Պելոպոնես թերակղզում ու Էվբեյա կղզում այս գիշեր հրդեհները նոր ուժով են բռնկվել։ Չնայած հարյուրավոր հրշեջների ջանքերին՝ կրակը դեռ չեն կարողանում հսկողության տակ վերցնել։
Պելոպոնեսի Էլիդա շրջանում կրակը սպառնում է Օլիմպիայի հնագիտական թանգարանի շենքին։ Աղետի վայր են մեկնել հրշեջ ծառայության ավելի քան 170 աշխատակից, շուրջ 50 հրշեջ մեքենա, վեց ուղղաթիռ ու մեկ հրշեջ ինքնաթիռ:
Աթենքի տեղեկատվական գործակալությունը հայտնել է, որ Էլիդա շրջանում բռնկված հրդեհները ոչնչացրել են մոտ 20 տուն եւ մոտենում են Օլիմպիայից հյուսիս-արեւմուտք գտնվող Լալաս բնակավայրին:
Ավելի քան 100 հրշեջ շարունակում են ջանքեր գործադրել Էվբեյա կղզում հրդեհների տեղայնացման ուղղությամբ: Այնտեղ կրակն արդեն 150 տուն է ոչնչացրել։ Բնակիչներին երեկ տարհանել են։
Ուժգին քամիները խանգարում են հրշեջներին։ Քամու պատճառով հրշեջ ինքնաթիռը նույնիսկ չի կարողացել մոտենալ կրակին։
Վերջին 24 ժամվա ընթացքում հրշեջները փորձել են 92 անտառային հրդեհ մեկուսացնել։
Հունաստանի քաղաքացիների պաշտպանության հարցերի փոխնախարար Նիկոս Հարդալիասը հայտարարել է, որ ամենադժվարը դեռ առջեւում է: Նա նշել է, որ հուլիսին Հունաստանում 1584 անտառային հրդեհ է գրանցվել:
ՀՀ ԱԳՆ-ն վշտակցել է անտառային հրդեհներից տուժած Հունաստանին:
«Խորապես վշտացած ենք Հունաստանի ամբողջ տարածքում բռնկված աղետալի անտառային հրդեհների մասին լուրերից։ Մենք համերաշխություն եւ կարեկցանք ենք հայտնում եղբայրական հույն ժողովրդին այս տագնապալի պահին»,- գրված է ՀՀ ԱԳՆ թվիթերյան էջում։