«Տարբեր երկրներում եմ ապրել, բայց իմ գյուղը սրտումս է եղել, միշտ ցանկացել եմ վերադառնալ: Որքան շատ եմ ճանաչել աշխարհը, այնքան վերագնահատել եմ. արդեն տեսնում եմ գյուղի ռեսուրսներն ու առավելությունները»,- պատմում է Մարտունի գյուղի բնակիչ Սաթենիկ Խաչատրյանը:
Սաթենիկն արտերկրում կրթություն ստանալուց հետո, ծննդավայրի ռեսուրսները օգտագործելով, միջազգային ճամբար է հիմնել: «Իմ ագրիամառը» ճամբարի նպատակը քաղաքներում ապրող դպրոցահասակ երեխաներին գյուղ բերելն է, գյուղացու կյանքին ու ապրելակերպին ծանոթացնելը, նրանց հետ գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվելը։
«Կարծում եմ, որ գյուղում ապրող ամեն մարդ ստեղծող է. եթե մի բան ցանկանում ես, զրոյից կարող ես ստանալ: Այս ամենն էլ մեր ճամբարի հիմքում է. բերքը հավաքում ես անտառից եւ ճաշ պատրաստում, հաց ես ուզում ուտել, ինքդ ես ստեղծում՝ սկսած ցորենը ցանելուց կամ սերմը հողին տալուց մինչեւ բերքը հավաքելը»,- ասում է Սաթենիկը:
Դեռեւս Շվեդիայում ուսանելու տարիներին Սաթենիկը հետազոտություն է արել՝ պարզելու, թե այդ երկրում բնակվող հայերի կյանքում ինչ դեր ունեն մայրենի լեզուն ու մշակույթը։ Արդյունքները ցույց են տվել, որ փոքր համայնքներում երեխաների մոտ ազգային առանձնահատկություններն ու ավանդույթներն աստիճանաբար թուլանում են: Սա նրան օգնել է հասկանալու, որ ինչ-որ հարթակ է պետք ստեղծել, որտեղ աշխարհի տարբեր անկյուններից հայ երեխաները կհամախմբվեն, կծանոթանան հայկականությանն ու հայի յուրօրինակ ինքնությանը։ Հենց այդպես էլ հայրենի գյուղում միջազգային ճամբար հիմնելու միտքն է ծագել:
«Իմ ագրիամառը» ծրագիրը երկու գաղափար եւ նպատակ ունի, առաջինը երեխաների համար լավագույն կրթական եւ հանգստյան միջավայրի ապահովումն է, իսկ երկրորդը՝ համայնքի զարգացումը: Գյուղի ընտանիքներից շատերը հյուրընկալում են երեխաներին եւ աշխատարաններ իրականացնում նրանց համար, օրինակ՝ մեղվաբուծության, արիշտա պատրաստելու, թել մանելու:
Սաթենիկն ասում է՝ ճամբարը գյուղացիներին հնարավորություն է տալիս վերարժեւորելու այն, ինչ իրենք ունեն, նաեւ եկամտի աղբյուր ստեղծելու։ Ճամբարի վճարը ամբողջությամբ ներդրվում է գյուղի զարգացման մեջ:
Մարտունեցի ութսունամյա Ռոզա տատը ճամբարի շրջանակում երեխաներին արիշտա պատրաստել է սովորեցնում:
«Երեխեքը բավական մեծ ոգեւորությամբ են մասնակցում, խմորը կտրատում են, հետո ես արիշտան սարքում եմ, երկու-երեք աման ուտում են: Շատ գոհ եմ ու շնորհակալ ծրագրից, երեխաների հետ ենք շփվում. իրենք մեզնից, մենք էլ իրենցից նոր բաներ ենք սովորում։ Իրենց համար ամեն ինչ անում-դնում ենք, վերջում էլ գնալուց առաջ մեզ վարձատրում են»,- պատմում է Ռոզա տատը: Ճամբարի շնորհիվ տատիկի արիշտան մեծ տարածում է գտել, պատվերներն էլ շատացել են։
Ճամբարն ի սկզբանե նախատեսված է եղել թե՛ Հայաստանի, թե՛ սփյուռքի երեխաների համար: Արդեն երեք տարի է՝ ծրագիրն իրականացվում է, բայց մեծ մասամբ սփյուռքից են մասնակիցները, հիմնականում ԱՄՆ-ից, Իսպանիայից եւ Անգլիայից:
Սաթենիկի կարծիքով՝ հայաստանաբնակների շրջանում կարծրատիպ կա, որ եթե ինչ-որ բան գյուղում է կազմակերպվում. կա՛մ պիտի լինի անվճար, կա՛մ մատչելի. «Մեր ծրագիրը բարձր գին ունի, գյուղում բարձրորակ եւ բարձրարժեք ծառայություն մարդիկ չեն պատկերացնում: Այս կարծրատիպը կա տեղի հայերի մոտ, սակայն սփյուռքը բարձր է գնահատում գյուղը, օրգանիկ մթերքն ու մաքուր օդը»:
Քսանհինգ տարի ԱՄՆ-ում բնակվող Աննա Բաղդասարյանը այս տարի իր երեխաներին բերել էր «Իմ ագրիամառը» ճամբարի մեկօրյա ծրագրին մասնակցելու: «Փորձում եմ ամեն տարի երեխաներին բերել Հայաստան, որ հնարավորին չափ կապը պահպանենք հայրենիքի հետ։ Երբ երեխաները փոքր էին, հիմնականում Երեւանում էինք մնում, հիմա ուզում եմ՝ ճամբարի շնորհիվ տեսնեն այն, ինչ չկա մայրաքաղաքում, ծանոթանան գյուղական միջավայրին»,- նշում է Աննան:
Մինչ Աննան զրուցում էր, երեխաները հավերին էին կերակրում: Շատ երեխաներ ծանոթ չեն գյուղական կյանքին, նույնիսկ ընտանի կենդանիներ տեսնելով՝ զարմանում են: Գյուղացիներից մեկն էլ ծիծաղը դեմքին պատմում էր, որ ԱՄՆ-ից մի երեխա, երբ կով է տեսել, ասել է՝ պապի՛կ, առաջին անգամ եմ կով տեսնում, կարող եմ գրկել, և առանց թույլտվություն ստանալու գնացել փաթաթվել ու նկարվել է:
Սաթենիկի կարծիքով՝ ծրագրի միջոցով նաեւ ժամանակակից երեխայի մանկության խնդիրներից մեկն է լուծվում. երեխաները կտրվում են նորագույն տեխնոլոգիաներից եւ բնության գրկում իրենց ստեղծագործական կարողություններն են ցուցաբերում եւ զարգացնում:
Շատ երեխաներ ասել են, թե պատրաստ են եւ կցանկանային գյուղում ապրել, եթե կարողանային այդտեղ զբաղվել իրենց սիրելի աշխատանքով:
Ներկայումս «Իմ ագրիամառը» ծրագրի շրջանակում կառուցվում է գիտակրթական եւ բարեկեցության կենտրոն։ Այն կծառայի որպես միջոցառումների կազմակերպման, քննարկումների անցկացման վայր։ Վերջինիս միջոցով գյուղում նաեւ նոր աշխատատեղեր կստեղծվեն:
Ճամբարի համար առաջնային է կայունությունը, մինչ օրս սեփական ներդրումներով եւ ջանքերով են առաջ մղել ծրագիրը, սակայն հետագա գործունեության համար անհրաժեշտ է ֆինանսական կայունություն ձեռք բերել: