Գյումրիից հյուսիս-արեւելք 10 կմ հեռավորության վրա գտնվող Կրաշեն գյուղ տանող ճանապարհին տեղադրված ցուցանակը հուշում է, որ գյուղում էկոկենտրոն-հյուրատուն է գործում։
Կրաշենում ապրում է 40 ընտանիք։ Առաջին հայացքից արտասովոր որևէ բանով աչքի չընկնող այս գյուղը տարիներ առաջ իր յուրահատուկ դիրքով, հրաշալի տեսարաններով եւ ալպիական բուսատեսակների առատությամբ գրավեց Գերմանիայի պատվո հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանի ուշադրությունը։ Ամեն ինչի մեջ հնարավորություն տեսնող ու բացահայտող Տեր-Մինասյանը ընկերների հետ հաճախակի էր օգտվում ձմեռային խաղաձեւերի լայն հնարավորություն տվող Կրաշենի ձյունածածկ տարածքներից։
Կարճ ժամանակ անց գյուղում ձմեռային զբոսաշրջությունը շատ արագ սկսում է զարգանալ, ձեւավորվում է դահուկավազքի ակումբ, որն անվանվում է «Լոյպեն Չարլի»՝ ի պատիվ ավստրիացի բարերարի։ Չարլիի շնորհիվ ակումբը համալրվում է դահուկներով, ձմեռային խաղերի պարագաներով ու մոտոսահնակով։
Ոչ միայն ձմռանը, այլեւ շուրջ տարին քաղաքից դուրս զբոսաշրջային նոր հասցե ապահովելու նպատակով Ալեքսան Տեր-Մինասյանը որոշում է գյուղում տուն գնել ու վերածել արկածային, առողջարանական, մարզական եւ էկոտուրիզմի կենտրոնի՝ Տույ-Տույ անունով։
Թե ինչու Տույ-Տույ, Տեր-Մինասյանը բացատրում է․ «Կրաշենի բնակիչները Պզտիկ Տույ անունով գյուղից են եկել, տույ-տույը նաեւ թռչնի անուն է։ Էկոտան խորհրդանիշը թռչնի պատկերով է։ Ննջասենյակներն էլ անուն ունեն՝ Արտույտ եւ Հոպոպ»։
Գաղափարը կյանքի է կոչվում Եվրամիության, ԳԴՀ տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ), Բեռլինի Կարմիր խաչի «Ֆյուր Արմենիեն» բարեգործական հիմնադրամի եւ Միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ։
Նախագծի շնորհիվ գյուղում կզարգանա ոչ միայն կայուն զբոսաշրջությունը, այլեւ կստեղծվեն եկամուտ ստանալու հնարավորություններ տեղացիների համար: Այդ նպատակով օթեւանում հիմնվել է էկոարտադրանքի վաճառքի կետ, որտեղից զբոսաշրջիկները կարող են գնել գյուղի կանանց ձեռքով պատրաստված պահածոներ, բնական գունավորումներով արիշտա, բուժիչ խոտաբույսեր ու տարածաշրջանի ամենահամեղ՝ Կրաշենի մեղրը:
Արմինե Կարապետյանը էկոօթեւանի հարեւանությամբ է ապրում, աշխատում է հյուրատանը, տնտեսությունն է վարում, զբոսաշրջիկներին հիացնում միայն տեղական մթերքից պատրաստված գյուղական ճաշատեսակներով։
«Ամենաշատը պանրխաշն են սիրում հյուրերը. պարզ, բայց շատ համեղ կերակուր է, տնական յուղ, մեր թխած թոնրի լավաշը, պանիր եւ սոխ»,- ասում է Արմինեն։
Նա ավելացնում է՝ հարիսա, արիշտայով փլավ, տնական մածուն ու մեղր են շատ սիրում զբոսաշրջիկները։ Ուրախ է, որ աշխատանք է գտել սեփական գյուղում, նկատել է, որ էկոտան գործարկման հետ աշխուժացել է գյուղի կյանքը։
Բացի էկոտարածքի նոր հիմնված այգիով զմայլվելուց ու բակում կառուցված էքստրեմալ խաղաձեւերից օգտվելուց՝ զբոսաշրջիկներին այստեղ առաջարկվում են հետաքրքիր էքսկուրսիաներ Կրաշենի քարանձավ, Թռչկանի ջրվեժ, Սուրբ Սարգիս մատուռ, բուժիչ հատկություններով հայտնի աղբյուրներ ու ալպիական չկրկնվող բուսատեսակների հավաքում․ զբաղմունքի պակաս հաստատ չի լինի, վստահեցնում են Տույ-Տույի այցելուները։
Հյուրատանն իր հանգիստը վայելող «Ֆյուր Արմենիեն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, Գյումրիում «Բեռլին ԱՐՏ» հոթելի համահիմնադիր Ռայներ Օտտոն կարեւորում է նման ծրագրերով գյուղական վայրերում աշխատատեղ ստեղծելը։
«Մարդիկ այս միջավայրում կգնահատեն իրականն ու բնականը, սրանով արժեհամակարգի ճիշտ վերադասավորություն է իրականացվում»,- ասում է պարոն Օտտոն։
Ծրագրի շրջանակում տեղադրվել են արեւային մարտկոցներ՝ ապահովելով ջեռուցման ու տաք ջրի հարցը։
Ավստրիական զարգացման հիմնադրամի աջակցությամբ մոտ մեկ ամսից արեւի էներգիայով կլուսավորվի նաեւ ամբողջ գյուղը, ամեն տան մուտքի մոտ մեկ լուսակետ կտեղադրվի։
Հիմնադրամը կօգնի նաեւ, որ գյուղի բուժկետը վերանորոգվի ու գործարկվի։ Կվերակառուցվի գյուղի մուտքը, կհիմնվի ծաղկանոց։ «Նպատակ ունենք գյուղը դարձնելու արեւի գյուղ, հավակնոտ ծրագիր ենք իրականացնում, շուտով Կրաշենի բոլոր տներում տեղադրելու ենք արեւային մարտկոցներ, որ անխտիր բոլորն ունենան տաք ջուր եւ ջեռուցում»,- ասում է Ալեքսան Տեր-Մինասյանը։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։