Ճապոնայի վարչապետ Յոսիհիդե Սուգան Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերը հիանալի է անվանել: Օգոստոսի 9-ին Ճապոնիայի կառավարության թվիթերյան միկրոբլոգում տեղադրված տեսաուղերձում Սուգան շնորհակալություն է հայտնել բոլոր մարզիկներին` ե՛ւ հաջողություն գրանցածներին, ե՛ւ նրանց, ովքեր չկարողացան անել նպատակին հասնելու վերջին քայլը:
«Որոշ օտարերկրացի դիտորդներ oլիմպիական խաղերում կորոնավիրուսի տարածման դեմ ձեռնարկած միջոցառումները չափազանց խիստ որակեցին: Սակայն շատերը բարձր գնահատեցին մեր ջանքերը՝ ընդգծելով, որ մրցումները հաջողությամբ կազմակերպվեցին հենց Ճապոնիայում անցկացվելու շնորհիվ: Դրա համար սրտանց շնորհակալ եմ խաղերի կազմակերպման անձնակազմին, բուժաշխատողներին եւ կամավորներին»,- ասել է Ճապոնիայի վարչապետը:
Տոկիո-2020-ն անցյալ տարի հետաձգվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Օլիմպիական խաղերն անցկացվեցին 2021-ի հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը առանց հանդիսատեսի՝ դարձյալ համավարակի պատճառով։
Տոկիո-2020-ի օլիմպիական խաղերին մասնակցել են 205 ազգային օլիմպիական կոմիտեների մարզիկներ: Խաղարկվել է մեդալների 339 լրակազմ: 32-րդ ամառային խաղերում առաջին տեղում ԱՄՆ հավաքականն է՝ 39 ոսկե, 41 արծաթե եւ 33 բրոնզե մեդալով։ Երկրորդ տեղում Չինաստանի հավաքականն է (38 ոսկե, 32 արծաթե, 18 բրոնզե մեդալ), երրորդում՝ Ճապոնիայինը (27 ոսկե,14 արծաթե, 17 բրոնզե մեդալ)։ Չորրորդը Մեծ Բրիտանիայի հավաքականն է՝ 22 ոսկե, 21 արծաթե եւ 22 բրոնզե մեդալներով: Ռուսաստանի հավաքականը հինգերորդ տեղում է՝ 20 ոսկե, 28 արծաթե եւ 23 բրոնզե մեդալներով:
Հայաստանի հավաքականը, նվաճելով երկու արծաթե եւ երկու բրոնզե մեդալ, 86 մեդալակիր երկրների շարքում 69-րդ տեղում է: Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը եւ հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նվաճել են արծաթե, իսկ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը եւ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը՝ բրոնզե մեդալներ՝ ընդհանուր մեդալային հաշվարկում զբաղեցնելով 47-րդ տեղը։
32-րդ ամառային օլիմպիական խաղերի փակման արարողությունն անցկացվել է օգոստոսի 8-ին Տոկիոյի Ազգային մարզադաշտում։ Փակման արարողության ժամանակ պարգեւատրվել են Մարաթոնյան վազքի կանանց եւ տղամարդկանց մրցաշարի հաղթողները՝ Քենիայի ներկայացուցիչները:
ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախն ընդգծել է, որ Տոկիոյի օլիմպիական խաղերը հույսի եւ խաղաղության խաղերն էին, եւ շնորհակալություն է հայտնել Տոկիոյին, Ճապոնիային ու կամավորներին:
Փակման պաշտոնական արարողության եզրափակիչ մասում Տոկիոյի քաղաքապետը Օլիմպիական խաղերի դրոշը փոխանցել է Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոյին՝ հաջորդ խաղերը հյուրընկալող քաղաքի ղեկավարին: 32-րդ օլիմպիական խաղերի փակումը եզրափակվել է կրակի մարման արարողությամբ: