ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Հայաստանում ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 8-ի դրությամբ կատարվել է 194902 պատվաստում, որից առաջին չափաքանակը` 132529 մարդ, երկրորդ չափաքանակը` 62373 մարդ։
ՀՀ-ում պատվաստում են AstraZeneca, Sputnik-V եւ Sinovac/Coronavac պատվաստանյութերով, պատվաստումները կարող են իրականացվել 18 եւ բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:
Դիմակը` դարձյալ հրատապ
Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ՝ օգոստոսի 10-ից բաց տարածքներում, որտեղ 5-ից ավել մարդ կհավաքվի, դիմակ դնելը կդառնա պարտադիր: Այն դեպքում, երբ արդեն հունիսի 22-ից Վրաստանում բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր չէր:
Ըստ «Ալիք Մեդիա Վրաստանի»՝ որոշումը կապված է Վրաստանում համավարակային բարդ իրավիճակի հետ: Կարգը խախտելու դեպքում քաղաքացիները կտուգանվեն 20 լարիով (ավելի քան 3000 դրամ):
Իրանի նախագահը պատվաստվել է
Իրանական Press TV-ին հայտնել է, որ Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին պատվաստվել է տեղական արտադրության COV Iran Barakat պատվաստանյութի առաջին չափաքանակով:
Իրանական պատվաստանյութն արտադրություն է մտել մայիսից, երբ երկրի առողջապահության նախարարությունը արտոնագիր էր տվել պատվաստանյութի արտակարգ կիրառման համար:
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ շուտով կթույլատրվի իրանական մշակման եւս երեք պատվաստանյութի արտադրությունը:
Մոտ 67 տոկոսը՝ առաջին չափաքանակով պատվաստված
Թուրքիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ 2021-ի օգոստոսի երկրորդ շաբաթվա դրությամբ առաջին չափաքանակով պատվաստում ստացածների թիվը երկրում հասել է 66․54 տոկոսի։
Նախարար Ֆահրեթթին Քոջան նշել է, որ ամենից քիչ պատվաստումներ են արվել Ուրֆայում, Մարդինում, Բիթլիսում, Դիարբեքիրում, Մուշում, Բաթմանում, Բինգյոլում, Գյումուշհանեում եւ Իգդիրում։
Ավելի քան 5 միլիոն պատվաստված
Ադրբեջանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները սկսվել են 2021-ի փետրվարի 6-ից: Երկրում պատվաստվել է 5 418 243 մարդ, որոնցից առաջին պատվաստում՝ 3 160 484 մարդ՝ բնակչության 30,86 %-ը: Նրանցից ամբողջական պատվաստում է ստացել 2 257 759 մարդ՝ 22,05 %-ը:
Ադրբեջանում կորոնավիրուսի դեմ օգտագործվում են Oxford/AstraZeneca, Sinovac եւ Sputnik V պատվաստանյութերը:
Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը 80-րդ տեղում է 232 297 դեպքով, Վրաստանը՝ 54-րդ՝ 450 149 դեպքով, Ադրբեջանը 63-րդ՝ 352 926 դեպքով: Թուրքիան 7-րդ տեղում է՝ 5 918 540 դեպքով, Իրանը՝ 12-րդ տեղում՝ 4 199 537 դեպքով: