Արեւելագետ, լրագրող Տիգրան Եկավյանի գիրքը՝ «Արեւելքի փոքրամասնություններ. պատմության կողմից մոռացվածները», ֆրանսերենից թարգմանվել է հայերեն եւ արդեն հասանելի է Երեւանի գրախանութներում:
Լուրջ, մեծարժեք ուսումնասիրություն է, որի մասին վստահաբար կգրեն Արեւելքի գիտակ հայ եւ օտար մասնագետները եւ արդեն գրել են Եկավյանի ֆրանսերեն հատորի հրատարակությունից հետո:
Իմ ուշադրությունը գրավեց հատկապես «Քրիստոնյաները՝ իրենց դժբախտությունների համապատասխանատու» գլուխը, որտեղ անդրադարձ է կատարվում Հայոց ցեղասպանությանը, Գրիգորիս ծայրագույն վարդապետ Բալաքյանի «Հայ Գողգոթան Բեռլինից մինչեւ Դեյր էզ-Զոր» երկհատորյակին, ՀՅԴ-Իթթիհադ «1908-ի հեղափոխության հաղթերթին», Գրիգոր Զոհրապին:
Եկավյանը արծարծում է մի թեմա, որի մասին ավելի քան 100 տարի առաջ համարձակություն են ունեցել գրելու Հայաստանի Հանրապետության հիմնադիր հայրերից մի քանիսը, մինչդեռ ժամանակակից հայ պատմագրությունը եւ պատմաբանները խուսափել են անդրադառնալուց:
Ավելին՝ որեւէ մեկին, ով համարձակվում է հարցեր տալ, թե ինչպես եղավ, որ մի ողջ ժողովուրդ սրի քաշվեց, սպասում է պատրաստի պիտակը՝ դու անուղղակի արդարացնում ես Թալեաթին, Էնվերին եւ երիտթուրք մյուս ոճրագործներին: Ով համարձակվում է ասել այն, ինչի մասին գրել են հիմնադիր հայրերից Արամն ու Քաջազնունին, որ հայ կամավորական շարժումները աղետ էին հայ ժողովրդի համար, կա պատրաստի պիտակը՝ դու պաշտպանում ես պատմագրության թուրքական թեզը:
Եկավյանը գրում է. «Արեւմուտքի անվիճելի ու ավելի քան դատապարտելի բարոյական մեղքի կողքին այդ ժամանակաշրջանն ուսումնասիրած պատմաբանները չնչին բացառությամբ շատ քիչ են անդրադառնում չափազանց զգայուն, անտեսված մի թեմայի՝ փոքրամասնությունների վերնախավի պատասխանատվությանը իրենց ժողովուրդների ողբերգական ճակատագրում: Հիրավի, 1915-ին գլխատված հայ մտավորականության ընտրանուց հազվագյուտ վերապրողներից ոմանք ինքնաքննադատաբար վերլուծել են ողբերգության պատճառներն ու պատասխանատվությունները. հեղափոխական շարժումների արկածախնդրությունը, քրիստոնեական վերնախավի միամտությունը, ընդհանուր շահի գիտակցության բացակայությունը, քաղաքական անհեռատեսությունը… Վերապրողների սերունդները եւս չեն շտապում համաժողովրդական նահատակության պատմության վերանայումը անհրաժեշտություն համարել»:
«1915-ի առաջին ամիսներին, երբ Համաձայնականների ծովայինների հրանոթների որոտը դեռեւս Դարդանելի կողմից էր լսվում, Պոլսի հայկական լրագրերն արդեն ցնծում ու խոշոր տառերով ավետում էին ֆրանս-բրիտանական հաղթանակը: Այդ նույն պահին Վանում թուրքերը թաքուն շարունակում էին հայկական ջարդերը»,- Գրիգորիս ծայրագույն վարդապետի խոսքն է մեջբերում Եկավյանը:
Հեղինակը հիշեցնում է մեկ այլ դրվագ, որի մասին չեն ուզում հիշել հայ պատմաբանները: 1909-ին, երբ երիտթուրքերի իշխանությունը սուլթան Աբդուլ Համիդի մերձավոր պահպանողականների պետական հեղաշրջման փորձի առջեւ մի պահ ընկրկեց, ընդհատակ անցած իթթիհատականներին, որոնց թվում Հայոց ցեղասպանությունը կազմակերպած ու իրագործած գլխավոր պատասխանատուներից Թալեաթին, թաքցրին հայ ընկերները:
Որեւէ անաչառ պատմաբան կասկած չունի, որ Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրության հղացած եւ իրագործած հրեշավոր ծրագիր էր, որին զոհ գնացին արեւմտահայությունն ու արեւելահայության մի մեծ հատված: Խոսքն այլ բանի մասին է. մենք՝ հայերս, օրվա քաղաքական ուժերը, ազգային գործիչները, մտավորականությունը, հոգեւորականությունը, արե՞լ ենք հնարավորը՝ նվազեցնելու համազգային նահատակության եւ աղետի ծավալները:
Եվ խոսքը միայն Հայոց ցեղասպանության մասին չէ: Հայոց պատմությունը տաբուների եւ առասպելների պակաս չունի:
Հայոց պատմագրությունը եւ մեր ժամանակների պատմաբանները խուսափում են չափերով շատ ավելի փոքր, բայց հայ ժողովրդի հիշողության մեջ մնացած այլ ողբերգությունների գնահատական տալուց, ինչպես Բաքվի 1918 թվականի հայկական ջարդն էր: 1918-ին մենք պատերազմ էինք մղում Բաքվում՝ ինքներս մեզ հավաստիացնելով, թե Բաքվի հերոսական ճակատամարտում պահում ենք Արցախն ու Նախիջեւանը, նորաստեղծ Հայաստանի Հանրապետությունը: 1918-ի ամռանը Արցախի եւ Նախիջեւանի Հայ ազգային խորհուրդները օգնություն էին խնդրում-աղաչում, իսկ Բաքվի հայ պաշտպանները, որոնց շարքերում մեծ թիվ էին կազմում արցախցի մարտիկները, կռվում էին Կասպիցի ափերին: Արդյունքում Բաքվում մենք տվեցինք 10 հազար զոհ, իսկ հերոսամարտ կոչվածի հայ պատասխանատուները նավերով հեռացան՝ քաղաքի հայ բնակչությանը թողնելով թուրք-թաթարական սվինների տակ:
Տիգրան Եկավյանի այս հատորը՝ «Արեւելքի փոքրամասնություններ. պատմության կողմից մոռացվածները», կարեւոր ներդրում է ոչ միայն արեւելագիտության, այլեւ հայոց պատմագրության եւ հայագիտության մեջ:
«Ալիք Մեդիայի» հարթակում կարող եք դիտել Թաթուլ Հակոբյանի եւ Տիգրան Եկավյանի զրույցը։
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։