Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը զեկույց է հրապարակել երկրի սոցիալ-տնտեսական վիճակի մասին։ Ըստ այդմ՝ Թուրքիայում տիրող տնտեսական անորոշությունը, աճող գնաճն ու գործազրկությունը այդ երկիրը հասցրել են թշվառության ինդեքսի ամենաբարձր հորիզոնականներ։
Oxford Econommics-ի այդ ինդեքսում Թուրքիան վերջին տարիներին միշտ առաջատարների շարքում է։ Երկրների թշվառության մակարդակը հաշվարկվում է գործազրկության ու գնաճի համադրմամբ՝ բնակչության միջին տնտեսական վիճակը ցույց տալու նպատակով։
Զեկույցի համաձայն՝ Թուրքիայում գործազրկությունը 13,2 % է, իսկ գնաճը՝ 18,95 %։ Հետեւաբար Թուրքիայի թշվառության միավորը 32 է։ Դա վերջին տարիներին այս ոլորտում Թուրքիայի ստացած ամենաբարձր միավորն է։
Թուրքիայում գնաճը շարունակվում է անգամ ամռանը: Միայն հուլիսին գնաճի մակարդակը բարձրացել է 1,8 %-ով։ Դա վերջին տարիների համար Թուրքիայում սպառողական գների աճի ամենամեծ ցուցանիշն է։ Իսկ տարեկան գնաճը կազմել է 18,95 %, ինչը վերջին 27 ամսվա ամենաբարձր ցուցանիշն է։
Զեկույցի հեղինակները անվստահություն են հայտնել նաեւ Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) տվյալների նկատմամբ։ Ըստ TÜİK-ի՝ վերջին ամիսներին երկրում զգալիորեն նվազել է գործազուրկների թիվը։ Մինչդեռ ԺՀԿ-ն համոզված է, որ երկրում գործազրկության իրական մակարդակը 27,4 % է, եւ այն անփոփոխ է մնացել։ Այլ կերպ ասած՝ իրականում այս պահին Թուրքիայում 9,7 միլիոն գործազուրկ կա։
Սննդի ոլորտում տարեկան գնաճը կազմել է 24,92 %։ Սննդի ծախսերը սպառողների ընդհանուր ծախսերի ամենամեծ մասն են կազմում. մարդիկ իրենց ընդհանուր ծախսերից շուրջ 25,9 %-ը տրամադրում են սննդին։ Իսկ հատկապես աղքատ բնակչության ծախսերի շուրջ 35 %-ը սննդի վրա է ծախսվել։ Երկրորդ ամենածախսատար ոլորտը, որի համար սպառողները ծախսում են գումարի շուրջ 15 %-ը, տրանսպորտն է, որտեղ գնաճը կազմել է 24,6 %։