Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղար Ստանիսլավ Զասը հայաստանյան այցի շրջանակում հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ:
Ըստ ՀԱՊԿ քարտուղարության՝ կողմերը քննարկել են կազմակերպության հավաքական ուժերի համար ժամանակակից զենքի մատակարարման հարցերն ու 2022-ին կազմակերպությունում Հայաստանի նախագահության ընդհանուր օրակարգը:
Քննարկվել են նաեւ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի հարցերը, այդ թվում`ՀԱՊԿ-ի խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրի փոփոխությունները: Համաձայնագիրը կարգավորում է ՀԱՊԿ-ի ուժերի ներգրավումը ՄԱԿ-ի առաքելություններին։
Քննարկման թեմա են դարձել արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունները, որոնք պետք է հոկտեմբեր-նոյեմբերին անցկացվեն Տաջիկստանում։ Կարապետյանը Զասին հրավիրել է օգոստոսի 10-ին այցելել Հայաստանի զորամասերից մեկը:
Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության՝ պաշտպանության նախարարը նշել է, որ Զասի այցը սպասված էր դեռեւս մայիսին:
Իրադրության լարումն անցանկալի է
«Հայաստանի համար այդ պահին բավական լարված ժամանակահատված էր, բայց, ցավոք սրտի, Ձեր այցը տեղի չունեցավ: Այսօր մեր սահմաններին ձեւավորվել է կայուն ծանր իրավիճակ: Մայիսին ադրբեջանական զինված ուժերը երկու ուղղությամբ ներխուժեցին հայկական տարածք: Դա մեզ անչափ անհանգստացնում է: Մենք խաղաղության կողմնակից ենք: Մենք որեւէ պարագայում չենք ուզում իրադրության լարում մեր սահմաններին:
Միեւնույն ժամանակ մենք պատրաստ չենք համակերպվել գործողությունների հետ, որոնք կարող են հանգեցնել Հայաստանի պետական սահմանի խախտմանը: Մենք վճռականորեն պաշտպանելու ենք մեր տարածքները: Մենք, իհարկե, ձգտում ենք խաղաղ ճանապարհով լուծելու այս խնդիրը՝ ի ցույց դնելով մեր խաղաղասիրությունը: Միեւնույն ժանանակ մեր համբերությունը նույնպես անսպառ չէ, եւ մեր սահմաններին ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման բացակայության պարագայում մենք իրավունք ենք վերապահում խնդիրը լուծելու ուժի կիրառմամբ»,- ընդգծել է Կարապետյանը:
Հայկական կողմի առաջնահերթությունները
Պաշտպանության նախարարն ափսոսանք է հայտնել, որ ՀԱՊԿ-ում առկա որոշումների ընդունման եւ ճգնաժամային իրավիճակներին արձագանքման մեխանիզմները չեն համապատասխանում օպերատիվ իրադրության զարգացման ներկայիս պահանջներին:
Կարապետյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին տեղեկացրել է նաեւ ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության հայեցակարգային մոտեցումների մասին՝ շեշտելով, որ հայկական կողմի առաջնահերթություններից են լինելու կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացումն ու կատարելագործումը, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացման խնդիրները:
Կազմակերպական այլ հարցեր
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ պաշտպանության նախարարին տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա սեպտեմբերի 15-ին Դուշանբեում ծրագրվում են ՀԱՊԿ արտաքին գործերի, պաշտպանության նախարարների եւ Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստերը, իսկ սեպտեմբերի 16-ին՝ Հավաքական անվտանգության խորհրդի վեհաժողովի անցկացումը, որի ընթացքում ՀԱՊԿ նախագահությունը կփոխանցվի Հայաստանի Հանրապետությանը:
Ստանիսլավ Զասն ավելի վաղ հանդիպել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանին: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հանդիպմանը Ստանիսլավ Զասն ընդգծել է ՀԱՊԿ կատարելագործման կարեւորությունը եւ վստահեցրել, որ ՀԱՊԿ աշխատանքային մարմինները կներդնեն բոլոր ջանքերը հայկական կողմի հայտարարելիք առաջնահերթությունները կյանքի կոչելու համար։
ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանի ու Ստանիսլավ Զասի հանդիպմանը քննարկվել է սեպտեմբերի վերջին Հայաստանում ՀԱՊԿ անդամ պետությունների հակաթմրամիջոցային ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվելիք «Ամպրոպ 2021» զորավարժությունների կազմակերպման հարցը:
Օգոստոսի 10-ին նախատեսված է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: