Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ԱԳՆ 10-ամյա զարգացման ծրագրի ներկայացմանը ասել է, որ Վրաստանի հիմնական ուղղություններից մեկը պետք է լինի հարեւանության արդյունավետ քաղաքականությունը: Նա ընդգծել է, որ Վրաստանը շատ լավ հարաբերություններ ունի հարեւան երեք երկրների՝ Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի հետ։
«Մեր հաջող քաղաքականության արդյունքն է, որ մեր միջնորդությամբ համաձայնության եկանք մեր եղբայրների՝ ադրբեջանցիների եւ հայերի հետ, ինչը հնարավորություն տվեց ազատելու հայ գերիներին, ինչպես նաեւ ականապատ տարածքների քարտեզները հանձնելու Ադրբեջանին»,- ըստ «Ալիք Մեդիա Վրաստանի»՝ հայտարարել է Ղարիբաշվիլին:
«Սա հաջողված նախադեպ է, որը մենք՝ երեք հարեւան երկրներս միասին ենք ստեղծել: Սա պետք է լինի մեր հիմնական ուղղություններից մեկը, որպեսզի Վրաստանը դառնա տարածաշրջանում խաղաղության եւ կայունության նախաձեռնողներից մեկը եւ հետագա զարգացման ամուր հիմքը: Այն հարթակը, որը մենք կարող ենք առաջարկել մեր բարեկամ եւ հարեւան երկրներին, պետք է զարգանա, եւ մենք պետք է ավելի ակտիվ լինենք այս ուղղությամբ»,- ընդգծել է Վրաստանի վարչապետը: