Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը Բելառուսի՝ նախորդ տարվա օգոստոսի 9-ին անցկացված նախագահական ընտրությունների մեկ տարին լրանալու առթիվ հայտարարել է, թե Բելառուսի ժողովուրդը խաղաղ ճանապարհով պայքարում է Լուկաշենկոյի ռեժիմի կողմից անտեսվող օրենքի գերակայության, երկրի միջազգային պարտավորությունների, մասնավորապես մարդու իրավունքների համար, բայց ռեժիմը սկսել է լավ կազմակերպված բռնաճնշումների արշավ ու ահաբեկումներ սեփական քաղաքացիական հասարակության եւ իրավապաշտպանների դեմ:
Բորելն ընդգծել է, որ անկախ ձայները խլացնելու եւ քաղաքացիական հասարակությունը վերացնելու նպատակով համակարգված ոչնչացվում են կառավարական կազմակերպություններն ու անկախ լրատվամիջոցները: Նա շեշտել է, որ մարդիկ ենթարկվում են կամայական ու անհիմն ձերբակալությունների, խախտվում է նրանց արդար դատավարության իրավունքը, խոշտանգումների ենթարկվելու մասին փաստաթղթավորված հարյուրավոր դեպքեր կան, որոնք մնացել են անպատիժ։
«Լուկաշենկոյի ռեժիմը հաշվեհարդար է տեսնում սեփական հասարակության հետ՝ հետեւողականորեն խորացնելով պառակտումը բելառուս ժողովրդի հետ։ Ընդդիմության եւ ժողովրդավարամետ ուժերի ներկայացուցիչները, ինչպես նաեւ բոլոր խավերը ներկայացնող հազարավոր քաղաքացիների մի մասը զոհվել է չպարզված հանգամանքներում, մյուսները ձերբակալվել կամ հեռացել են երկրից՝ դառնալով տարագիր»,- նշված է ԵՄ բարձր պաշտոնյայի հայտարարությունում։
ԵՄ բարձրագույն հանձնակատարը շեշտել է, որ Եվրամիությունը եւ նրա գործընկերներն ու համախոհները Լուկաշենկոյի ռեժիմին կոչ են անում դադարեցնելու բռնաճնշումները։ Քաղաքական ճգնաժամը հաղթահարելու միակ միջոցը բազմակողմ ազգային երկխոսություն սկսելն է: Եվրամիության պատժամիջոցների չեղարկումը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ Բելառուսի իշխանությունները հավատարիմ լինեն ժողովրդավարության եւ օրենքի գերակայության սկզբունքներին, հարգեն մարդու իրավունքները եւ դադարեցնեն բոլոր բռնաճնշումները։
«Ռեժիմը պետք է ազատ արձակի ավելի քան 600 քաղբանտարկյալների եւ վստահություն ներշնչող քաղաքական գործընթաց սկսի՝ ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներքո»,- հայտարարել է Բորելը։
ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձրագույն հանձնակատարը հավաստիացրել է, որ ժողովրդավարական բարեփոխումների ուղին բռնելու դեպքում Եվրամիությունը պարտավորվում է օգնել Բելառուսին՝ երկրի տնտեսությունը կայունացնելու, ինստիտուտները բարեփոխելու՝ դրանք ավելի կայուն եւ ժողովրդավար դարձնելու, նոր աշխատատեղեր ստեղծելու, տնտեսությանը աջակցության նպատակով համալիր ծրագրերով մարդկանց կենսամակարդակը բարձրացնելու հարցում՝ երկրին հատկացնելով 3 միլիարդ եվրո։
«Եվրամիությունը կշարունակի աջակցել ժողովրդավար, անկախ, ինքնիշխան, բարեկեցիկ եւ կայուն Բելառուսին։ Բելառուս ժողովրդի ձայնը եւ կամքը չի խեղդվի»,- հայտարարել է Ժոզեպ Բորելը։