Ամերիկյան CNN գործակալության հոդվածագիր Նիք Պաթոն Ուոլշը ահազանգել է, թե Բելառուսի այլախոհները վախենում են, որ ռեժիմն իրենց կգցի համակենտրոնացման ճամբարներ: Կասկած կա, որ այդ ճամբարներից մեկն արդեն կառուցվել է:
Էլեկտրականացված ցանկապատի երեք շերտ, անվտանգության նոր տեսախցիկներ, զինվորական պահակակետ եւ «մուտքն արգելված է» գրությամբ նշան։ Ճաղավանդակներով եւ հայելային ապակուց պատուհաններ` նոր վերականգնվող զորանոցների դատարկ շենքերում, ավտորիտար Բելառուսի անտառների խորքում:
Հրթիռային պահեստը՝ ազատազրկման վա՞յր
Ըստ CNN-ի տեսանյութերի եւ ականատեսների հայտարարությունների՝ սա քաղաքական այլախոհներին մեկուսացնելու համար հնարավոր բանտային ճամբարն է, որ վերջերս կառուցվել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկից մոտ մեկ ժամվա հեռավորության վրա՝ Նովոկոլոսովո բնակավայրի մոտ: Այն խորհրդային ժամանակների հրթիռային պահեստների համալիրում է, որն ավելի քան 810 քմ տարածք է զբաղեցնում: Հայտնի չէ, թե տեղանքի որքան մասն է վերանորոգվել:
Բելառուսի ընդդիմադիր ակտիվիստներն ավելի վաղ անհանգստություն էին հայտնել, որ ավտորիտար ռեժիմը կարող է ստեղծել համակենտրոնացման ճամբարներ, եթե նախնական կալանքի բանտերը լցված լինեն:
Բողոքի նոր ալիքի կատարին
Մտահոգություններն աճում են նաեւ ճնշումների եւ ձերբակալությունների մեկ այլ ալիքի կապակցությամբ՝ օգոստոսի 9-ի վիճահարույց նախագահական ընտրությունների տարեդարձի կապակցությամբ ցույցերին ի պատասխան:
Այս տարվա վերջին կամ 2022-ի սկզբին նախատեսված սահմանադրական հանրաքվեի հետ կապված եւս առաջիկայում հնարավոր են բողոքի ցույցեր, անկարգություններ։
Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի ավագ խորհրդական Ֆրանակ Վիակորկան հայտարարել է, թե զարմանալի չէ, որ Լուկաշենկոն փորձում է բանտային ճամբարի պես մի բան կառուցել, քանի որ ամեն դեպքում բողոքի նոր ալիք է սպասվում:
«Այն կարող է բռնկվել նրա հայտարարությունների հետեւանքով, այն կարող է առաջանալ տնտեսական իրավիճակով պայմանավորված: Բայց անպայման լինելու է: Նա դա հասկանում է եւ ցանկանում ավելի լավ նախապատրաստվել, քան նախորդ՝ 2020 թվականին»,- նշել է ընդդիմադիր գործիչը:
CNN-ին չի հաջողվել մուտք գործել Նովոկոլոսովոյի մերձակայքի տարածք, եւ դեռ պարզ չէ՝ այնտեղ կա՞ն բանտարկյալներ:
Փշալարերի երեք մակարդակը
Արեւմտյան հետախուզության մի պաշտոնյա CNN-ին ասել է, որ հաստատության օգտագործումը որպես բանտային ճամբար «հնարավոր է», չնայած որ նրանք ուղղակի ապացույցներ չունեն: Նովոկոլոսովո քաղաքի բնակիչները հաստատությունը «ճամբար» են համարում։ Վերջերս ռազմական պահակախումբը մի բնակչից պահանջել էր լքել տարածքը, երբ նա մոտեցել էր այդ վայրին:
«Կա փշալարերի երեք մակարդակ, եւ բոլորն էլեկտրականացված են: Ես այնտեղ սունկ էի հավաքում, երբ մի զինված մարդ մոտեցավ ինձ եւ ասաց, որ չեմ կարող այդտեղով անցնել»,- պատմել է բնակիչը: Եվս երկու մարդ վկայել է, որ այնտեղ ռազմական պարեկների են տեսել:
Շիշովի առեղծվածային սպանությունը
Բելառուսից հեռացած ընդդիմադիր ակտիվիստների վախն աճել է այն փաստից, որ ակտիվիստ Վիտալի Շիշովին Կիեւի արվարձանանային այգիներից մեկում հայտնաբերել են մահացած՝ ծառից կախված: Նրա մարմնին բռնության հետքեր են եղել: Ոստիկանները քննարկում են ինքնասպանության կամ սպանության վարկածները:
Կիեւում գործող «Բելառուսական տուն Ուկրաինայում» (BDU) կազմակերպության ղեկավար Վիտալի Շիշովին օգոստոսի 2-ին իր գործընկերը կորած էր հայտարարել: Նա դուրս էր եկել առավոտյան վազքի եւ տուն չէր վերադարձել:
BDU-ն հաջորդ օրը հայտարարել է, որ Շիշովը հսկողության տակ էր, եւ որ կազմակերպությունը սպառնալիքների նախազգուշացումներ է ստացել նրա մահից առաջ:
Ուկրաինայի ազգային ոստիկանության ղեկավար Իգոր Կլիմենկոն օգոստոսի 3-ին մամուլի ասուլիսում հայտնել է, որ Շիշովի մարմնի վրա քերծվածքներ են եղել, մաշկն էլ պլոկված է եղել, ինչը «կարող է բնորոշ լինել ընկնելուն»:
Անվտանգության տեսախցիկներն արձանագրել են, որ Շիշովը տնից դուրս է եկել ժամը 9-ի սահմաններում․ ենթադրվում էր, որ նա պետք է վերադառնար ժամը 10-ին:
Հետաքննության կանխատեսելի արդյունքների սպասումով
Շիշովի ընկեր եւ գործընկեր Յուրի Շչուչկոն Current Time TV-ին հայտնել է, որ Շիշովից մտահոգիչ հեռախոսազանգ է ստացել վերջինիս մահից մի շաբաթ առաջ: «Վիտալին զանգահարեց ինձ անցյալ շաբաթ եւ խնդրեց հոգ տանել իր սիրելիներին, քանի որ նա տարօրինակ զգացողություն ուներ: Այլ մանրամասներ չասաց»:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ հանդիպումից հետո Լոնդոնում Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է․ «Ես նախընտրում եմ սպասել հետաքննության արդյունքներին, որովհետեւ հասկանում եմ այս մահվան պատճառները: Ես կասեի, որ դա հանցագործություն է, բայց չեմ կարող դա պնդել առանց հետաքննության արդյունքների»։
Նշենք, որ «Բելառուսական տուն Ուկրաինայում» (BDU) կազմակերպությունը Բելառուսից փախած եւ աքսորված քաղաքացիներին Ուկրաինայում օգնում է կացարան, աշխատատեղ գտնելու հարցում եւ իրավաբանական խորհրդատվություն է ապահովում:
Պատրաստեց Կարինե Դավոյանը