Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Հայաստան աշխատանքային այցի ընթացքում հայտարարել է ՀԱՊԿ պատասխանատվության գոտու ամբողջ երկայնքով լարվածության աճի մասին:
Ըստ ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովի՝ Զասը նշել է, որ Աֆղանստանից ամերիկյան զորքերի եւ նրանց դաշնակիցների դուրսբերումից հետո այնտեղ իրավիճակը զգալիորեն վատթարացել է, եւ կարող է հարեւան Տաջիկստան փախստականների զանգվածային ներհոսքի ու միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ներթափանցման վտանգ լինել:
Խոսելով Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանի մասին՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը բացասաբար է անդրադառնում ինչպես բուն Հայաստանի, այնպես էլ ՀԱՊԿ պատասխանատվության գոտու անվտանգության վրա:
Օգոստոսի 10-ին նախատեսվում է Ստանիսլավ Զասի հանդիպումը վարչապետ Փաշինյանի հետ: