ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Արարատի զորամաս կատարած այցի ժամանակ նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանային բախումների քաղաքական կարգավորման հնարավորությունները սպառված չի համարում, ինչն ամենալավ տարբերակը կլիներ բոլորի համար, եւ հավելել, որ անհրաժեշտ է Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան ձեւաչափով շարունակել աշխատանքներն այդ ուղղությամբ:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ՀԱՊԿ-ում լրջորեն անհանգստացած են սահմանին բախումների ակտիվացմամբ: Ըստ Զասի՝ դա չի նպաստում նշված աշխատանքները սկսելուն:
«Դա դժվարացնում է անկյունաքարային այն պայմանավորվածությունների կատարումը, որոնք ձեռք են բերվել Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների միջեւ ԼՂ հակամարտության դադարեցման եւ այս տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղիներ փնտրելու վերաբերյալ: Ակնկալում ենք, որ բոլոր կողմերը կհասկանան դա եւ քայլեր կձեռնարկեն տարաձայնությունները քաղաքական ճանապարհով լուծելու համար»,- շեշտել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կարծիքով՝ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող միջադեպերը սպառնալիք են ՀԱՊԿ-ի պատասխանատվության՝ Կովկասյան տարածաշրջանի եւ, իհարկե, նաեւ կազմակերպության անդամ Հայաստանի անվտանգության համար: