ԱՄՆ-ը երկու հրշեջ ուղղաթիռ կուղարկի Թուրքիա՝ անտառային հրդեհների մարմանն աջակցելու նպատակով։ Թուրքիա են ուղարկվելու CH-47 Chinook տեսակի ծանրաքաշ հրշեջ ուղղաթիռներ:
Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան սոցցանցային գրառման մեջ հիշեցում կա Թուրքիայի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ԱՄՆ-ին ցուցաբերած օգնության մասին։ Դեսպանությունը նշել է, որ ամերիկյան կողմն ուրախ է ՆԱՏՕ-ի իր դաշնակցին անտառային հրդեհները մարելու գործում օգնություն ցուցաբերելու համար:
Հուլիսի 28-ից Թուրքիայում սկսված անտառային հրդեհների շուրջ 250 օջախ է մարվել: Ըստ Թուրքիայի գյուղատնտեսության եւ անտառների նախարար Բեքիր Փաքդեմիրլիի՝ դեռեւս հրդեհի երեք օջախ կա երկրի երկու նահանգներում․ երկուսը՝ Մուղլայում, մեկը՝ Այդընում:
Ամենամեծ վնասները պատճառվել են Մուղլա եւ Անթալիա նահանգներին, որտեղ այրվել է ավելի քան 127 հազար հեկտար անտառային տարածք, որից 1500 հեկտարը՝ մրգատու այգիներ: Վնասվել կամ ամբողջովին այրվել են հարյուրավոր շենք-շինություններ, սատկել են հազարավոր խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներ ու թռչուններ: Վնասի վերջնական չափը դեռեւս գնահատման փուլում է: