Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲ, «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲ եւ «Աշտարակ Ձու» ՍՊ ընկերությունները գերիշխող դիրքի չարաշահման համար տուգանք կվճարեն ընդհանուր շուրջ 42,6 մլն դրամի չափով:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, հաշվի առնելով ընթացիկ տարվա մարտի ընթացքում խոշոր առեւտրային ցանցերում ու այլ վաճառակետերում հավի ձվի պակասուրդը, առկայության դեպքում էլ զգալի բարձր գնի վերաբերյալ սպառողների ահազանգերն ու բողոքները, խնդրի վերաբերյալ ԶԼՄ-ի հրապարակումները, ուսումնասիրություններ էր իրականացրել եւ մարտի 30-ին մի շարք տնտեսվարող սուբյեկտների կողմից «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտման վերաբերյալ վարչական վարույթ հարուցել:
Ընկերությունները միանման պարզաբանումներ են ներկայացրել հանձնաժողովին՝ ասելով, որ իրենք վնասներ են կրել դեռեւս 2019 թվականին արձանագրված հավի սննդային ձվի գերարտադրությամբ պայմանավորված գնի անկման պատճառով, որից հետո ստիպված են եղել կրճատել ածան հավերի գլխաքանակը:
Այդուհետ, պայմանավորված կորոնավիրուսի համավարակով եւ Արցախյան երկրորդ պատերազմով, տեղի են ունեցել կերի եւ անհրաժեշտ այլ նյութերի թանկացումներ։ Վերազինումների պատճառով ավելացել են ընկերությունների ծախսերն ու վարկային բեռը: Այս եւ այլ պատճառներով թռչնաֆաբրիկաները չեն կարողացել ժամանակին անհրաժեշտ քանակի ածան ճտեր ներմուծել:
2019-ին Հայաստանում հավի ձվի արտադրության ոլորտում գերարտադրություն իսկապես արձանագրվել է։ Դա շարունակվել է նաեւ 2020 թվականի առաջին եռամսյակում, ինչի շնորհիվ շուկայում ձուն իրացվել է աննախադեպ ցածր գնով՝ 30-32 դրամով։ Ըստ «Թռչնաբույծների միություն» ՀԿ-ի՝ դա զգալի ցածր էր արտադրանքի ինքնարժեքից:
Խոշոր ընկերություններն իրականացրել են հավերի գլխաքանակի չպլանավորված կրճատում: Սակայն, ըստ էկոնոմիկայի նախարարության, թռչնագլխաքանակի նվազումը, ինչպես նաեւ ձվի արտադրության վրա ազդող այլ գործոնները չէին կարող շուկայում ստեղծված իրավիճակի հիմնական պատճառ լինել:
Քննարկելով փաստական հանգամանքները, ընկերությունների, պետական եւ հասարակական կազմակերպությունների դիրքորոշումները՝ հանձնաժողովը որոշել է հավի ձվի գնի չհիմնավորված բարձրացմամբ գերիշխող դիրքը չարաշահելու համար «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ին տուգանել 16.649.083, «Արզնու տոհմային ԹՏԽ»-ին 10.911.074 եւ «Աշտարակ Ձու» ընկերությանը 15.039.156 դրամի չափով:
«2021 թվականի մարտի ընթացքում նշված ընկերությունները ոչ միայն ուղղակիորեն են բարձրացրել հավի ձվի իրացման գինը, այլեւ իրենց կողմից իրացվող ապրանքատեսականու այնպիսի փոփոխություններ են իրականացրել, որոնք այլ եղանակներով եւս հանգեցրել են իրացման գների բարձրացման: Օրինակ՝ ընկերությունները նշված ժամանակահատվածում զգալիերռն կրճատել են հատով իրացվող ձվի քանակները՝ ավելացնելով տուփերով իրացվողների քանակները, որոնց իրացման գինն ավելի բարձր է»,- նշված է հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ:
Հանձնաժողովի որոշմամբ վարչական վարույթը կարճվել է «Լուսակերտ», Լուսակերտի «Էլիտ», «Գնթունիք» եւ «Վարիանտ գրուպ» ընկերությունների մասով:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։