Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանը Երեւանում անցկացված մամուլի ասուլիսում հայտարարել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը միջազգային դատարանի առաջ կանգնեցնելու մտադրության մասին։
Հաջոյանը նշել է, որ ցանկանում են ամեն ինչ անել՝ Իրաքում ցեղասպանություն գործած անձանց նույնականացնելու եւ պատժելու համար։ Եզդիները մտադիր են նաեւ վերականգնել 2014-ից ի վեր ոտնահարվող սեփական իրավունքները։
Հաջոյանը հավելել է, որ միջազգային հանրությունը գործողություններ պետք է ձեռնարկի, որոնք ոչ թե հերթական փաստաթուղթ կդառնան, այլ իրապես կկանխեն ցեղասպանությունները։
«Եթե Հայոց ցեղասպանությունը դատապարտվեր, նոր ցեղասպանություններ չէին լինի»,- շեշտել է Եզդիների միության նախագահը։
Հաջոյանը նշել է, որ իրավաբանների ի մի բերվող ապացույցները շուտով կներկայացվեն միջազգային դատարաններ։ Միաժամանակ աշխատանք է տարվում բոլոր այն երկրների եւ կազմակերպությունների հետ, որոնք չեն ճանաչել եզդիների ցեասպանությունը։
«Կպայքարենք, որ այն ճանաչվի, եւ մեզ աջակցեն առնչություն ունեցող բոլոր անձանց պատասխանատվության ենթարկելու հարցում»,- եզրափակել է Հաջոյանը։
Հայաստանում եզդիների նկատմամբ խտրականություն չկա
Եզդիների ազգային միության նախագահը ընդգծել է նաեւ, որ Հայաստանում եզդի ժողովուրդն իրեն զգում է ազատ եւ անկաշկանդ: Նա հավելել է, որ Հայաստանում եզդիները կարող են ազատ խոսել սեփական իրավունքների պաշտպանության, եզդիների մշակույթի պահպանման ու զարգացման մասին:
«Եզդիական համայնքը Հայաստանում ապրում, զարգանում ու պահպանում է իր ազգային ավանդույթները»,- շեշտել է Հաջոյանը:
Ըստ նրա՝ եզդի համայնքն ակնկալում է, որ եզդիների ցեղասպանության ճանաչման հարցում Հայաստանը լինի եզդի ժողովրդի ձայնը միջազգային հարթակներում, քանի որ իրենք չունեն պետություն, համապատասխան ներկայացուցիչ ՄԱԿ-ում:
Եզդի ժողովրդի նպատակն է միջազգային հարթակներում տեղ հասցնել եղելությունը, այն, ինչ Իրաքում եւ Սիրիայում կատարվել է եզդի ժողովրդի դեմ. ահաբեկիչների կողմից իրականացված ցեղասպանություն, որը ճանաչել են տարբեր միջազգային կառույցներ ու երկրներ, որոնց թվում Հայաստանը՝ 2018-ին:
2014-ի օգոստոսին «Իսլամական պետության» գրոհայիններին հաջողվել էր գրավել Սինջար քաղաքը, որից հետո նրանք սկսել են տեղացի եզդի ժողովրդի նկատմամբ զանգվածային ջարդերը։
Դրա հետեւանքով 50–60 հազար եզդի ստիպված հեռացել են Շենգալի լեռներ։ ԻՊ գրոհայինները սարերում պաշարել են նրանց ապաստանները։ Պաշարված մարդիկ սննդի ու ջրի պակաս ունեին։ ՄԱԿ-ի տվյալներով`շուրջ 2 հազար եզդի զոհվել է, վիրավորվել եւ գերեվարվել՝ 5-7 հազարը։