Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից (FPWC) հայտնել են, որ երեկ՝ օգոստոսի 9-ին, Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի տարածքում որսագողության դեպք է արձանագրվել։ Շուրջ երեք տարեկան գորշ արջի էգ առանձնյակին հրազենով վնասվածք է հասցվել:
FPWC-ի թիմը Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի խնդրանքով մեկնել է դեպքի վայր՝ վնասված գորշ արջին օգնություն ցուցաբերելու համար։ Արջը քնեցվել է եւ տեղափոխվել Արարատի մարզում գործող Վայրի կենդանիների փրկարար կենտրոն (WRC), որտեղ պարզվել է, որ կենդանին հրազենային վնասվածք է ստացել ծնոտի հատվածում։
Արջի վիճակը ծանր է, նրա կյանքի համար արդեն երկու օր է՝ պայքարում են FPWC-ի մասնագետները, միջազգային գործընկեր կենդանաբույժներ և Երեւանի կենդանաբանական այգու կենդանաբույժը։ Կենդանին ենթարկվել է շատ ուժեղ սթրեսի եւ սկսել է կրծել սեփական թաթը։
Օգոստոսի 10-ին արջը դեռ Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում է, վիճակը գնահատվում է ծանր, մասնագետները պայքարում են նրա կյանքի համար։ Նա ունի նաեւ ուղեղի ցնցման նշաններ, ինչը հավանաբար կապված է կրակոցի հետեւանքով մոտակա ձորը գլորվելու հետ։
Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը դիմել է իրավապահ մարմիններին՝ դեպքի մանրամասները պարզելու եւ մեղավորներին հայտնաբերելու համար։
Գորշ արջը ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակ է, որն ունի հատուկ պաշտպանության կարիք։ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հորդորում է բոլորին զերծ մնալ ցանկացած կենդանատեսակի վնասելու փորձերից՝ գործելով միայն ՀՀ իրավական նորմերի սահմաններում։