Ըստ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի՝ ՔՊ խմբակցությունն Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ է առաջադրել Էդուարդ Աղաջանյանի, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Գեւորգ Պապոյանի, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Վահե Ղալումյանի, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ` Սիսակ Գաբրիելյանի, Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ` Արմեն Եղոյանի, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Հերիքնազ Տիգրանյանի եւ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների նախագահ` Նարեկ Զեյնալյանի թեկնածությունները։
Ըստ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի՝ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում խմբակցությւնն առաջադրել է նախկին փոխվարչապետ, խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանին, իսկ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը «Հայաստան» խմբակցությունը զիջել է ընդդիմադիր գործընկերներին` «Պատիվ ունեմ» խմբակցությանը՝ այդ պաշտոնում առաջադրելով պատգամավոր Թագուհի Թովմասյանին։
ԱԺ 12 մշտական հանձնաժողովների նախագահներից խորհրդարանն առ այսօր որեւէ մեկին չի ընտրել։ Մինչ այժմ ՔՊ-ի կողմից առաջադրվել էին միայն 3 հանձնաժողովների նախագահների թեկնածուներ. Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վլադիմիր Վարդանյանի, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը։
«Հայաստան» խմբակցությունը Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի թեկնածությունը։