ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանի եւ մի շարք սպաների ուղեկցությամբ օգոստոսի 10-ին այցելել է հանրապետության հարավարեւմտյան սահմանագոտի։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, մասնավորապես, եղել է Երասխի հատվածում տեղակայված մարտական հենակետում, ծանոթացել սահմանային իրավիճակին։ Ստանիսլավ Զասին ներկայացվել են ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից իրականացված՝ նախորդ մի քանի շաբաթների հրադադարի խախտումների դեպքերը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հետեւել է հենակետում իրականացվող մարտական հերթապահությանը, զրուցել զինծառայողների հետ։
Ստանիսլավ Զասն այցի ընթացքում պատասխանել է նաեւ լրագրողների հարցերին՝ ներկայացնելով ՀԱՊԿ դիրքորոշումը ստեղծված իրավիճակի եւ լարվածությունը թուլացնելուն միտված միջոցառումների վերաբերյալ։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանային իրադրության խաղաղ, քաղաքական կարգավորման հնարավորությունները սպառված չեն, եւ անհրաժեշտ է հետեւողականորեն շարունակել աշխատանքներն այդ ուղղությամբ։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է նաեւ «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ դրել Հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողների շիրիմներին։